24/11/2009 19:00
Վ. Հովհաննիսյան. Մայնդորֆի հռչակագիրը արժեզրկվել է
ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը գտնում է, որ մյունխենյան հանդիպումից առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռազմատենչ հայտարարություններին ի պատասխան` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարվեր բանակցություններից: Ինչպես նա այսօր նշեց ասուլիսի ժամանակ, հայկական կողմը պետք է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեր Բաքվի դիրքորոշման վրա:
Բանախոսը նաև գտնում է, որ Ի. Ալիևի վերջին հայտարարությամբ վերջնականապես արժեզրկվել են նաև Մայնդորֆի հռչակագրի հայանպաստ դրույթները՝ այն, որ հակամարտությունը պետք է կարգավորվի միայն խաղաղ ճանապարհով:
«Ալիևը ստորագրել էր այդ փաստաթուղթը»,- հիշեցրեց քաղաքական գործիչը` նշելով, որ տվյալ պարագայում Ռուսաստանը չկարողացավ հանդես գալ որպես այդ հռչակագրի երաշխավորող:
Ընդհանուր առմամբ` ՀՅԴ բյուրոյի անդամը Հայաստանի համար վտանգավոր է համարում Ռուսաստանի դերակատարությունը տարածաշրջանային գործընթացներում:
«Ռուսաստանի դերակատարումը շատ վտանգավոր է թե’ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, թե’ հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների համատեքստում»,- նշեց Վ. Հովհաննիսյանը: