Պարգևատրվեցին օլիմպիադայի մրցանակակիրները
28/12/2009 12:58

Պարգևատրվեցին օլիմպիադայի մրցանակակիրները

Կրթության և գիտության նախարարությունում այսօր տոնական տրամադրություն էր, քաղցրավենիքի սեղաններն էլ սպասում էին 2009-ին միջազգային առարկայական օլիմպիադայում մրցանակներ նվաճած դպրոցականներին և նրանց ուսուցիչներին:

Նախարարությունում, սակայն, միայն սեղաններով չէին դիմարում մրցանակակիրներին, այլ համակարգիչներով, դրամական պարգևներով և պատվոգրերով:

Մինչ պարգևատրմանն անցնելը նախարար Արմեն Աշոտյանը ողջունեց հաթողներին և նշեց, որ միջազգային դպրոցական օլիմիադաներին մասնակցում են հարյուրավոր թիմեր, և Հայաստանի թիմը մշտապես ունենում է հաջողություններ առարկաներից մեծ մասում:

«6 առարկաներից չորսում ունենք մրցանակներ: Այս տարին ոչ միայն մարզական, մշակութային և այլ հաջողությունների տարի էր, այլ նաև կրթական հաջողությունների տարի»,- ասաց Ա.Աշոտյանը` բացատրելով նաև շնորհվող նվերների ընտրության իմաստը. «Ի՞նչ է պետք գիտակ մարդուն 21-րդ դարում. ինֆորմացիայի որոնման գործիք, որը դեռևս համակարգիչն է: Գուցե մեր աշակերտներն այնքան հաջողություններ ունենան, որ ստեղծեն այլ գործիք, բայց այս պահին չկա»:

Մրցանակներն առաջինը ստացան աստղագիտության օլիմպիադայից առաջին կարգի դիպլոմներ նվաճած «Քվանտ» վարժարանի աշակերտ Հայկ Տեփանյանը, «Ֆիզմաթ» դպրոցի աշակերտ Հայկ Հակոբյանն ու աստղագիտության օլիմպիադայի թիմի ղեկավար Մարիետա Գյուլզադյանը:

Համակարգիչներով պարգևատրվեցին նաև մաթեմատիկա առարկայից բրոնզե մեդալակիրներ Վահագն Կիրակոսյանն ու Վահագն Ասլանյանը, ֆիզիկա առարկայից բրոնզե մեդալակիր Վահե Գալստյանը, ինֆորմատիկա առարկայից արծաթե և բրոնզե մեդալակիրներ Հայկ Սարիբեկյանն ու Միքայել Սուքիասյանը:

Ուսուցիչներից դրամական պարգևներ ստացան Վալերի Արզումանյանը, Սամվել Աբաջյանը, Հարություն Խաչատրյանը, Արսեն Դարպասյանը, Արմենուհի Հակոբջանյանը, Տիգրան Նազարյանը, ինչպես նաև օլիմպիական թիմերի ղեկավարներ Կորյուն Առաքելյանը, Նարիրի Սեդրակյանը, Նուրիջան Մանուկյանը, Գագիկ Գրիգորյանը, Արմեն Անդրեասյանը, Մարիետտա Գյուլզադյանը, Լիդա Սահակյանը և Գայանե Ղուկասյանը:

Պարգևատրումից հետո մրցանակներ ստացածներն ու ԿԳ նախարարը շփվեցին սեղանի շուրջ, փոխադարձաբար շնորհակալություններ հայտնեցին միմյանց, շնորհավորեցին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ:
 

Պարգևատրվեցին օլիմպիադայի մրցանակակիրները