Շարմազանով. «Հագեցած և իրադարձություններով հարուստ» 2009 թ-ը
28/12/2009 12:48

Շարմազանով. «Հագեցած և իրադարձություններով հարուստ» 2009 թ-ը

Ամփոփելով անցնող տարին` ԱԺ-ում Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուրադ Շարմազանովն այն գնահատեց որպես «հագեցած և իրադարձություններով հարուստ տարի»:

Խոսելով Հայաստանի ներքին քաղաքականության և 2009 թ-ի կարևորագույն իրադարձությունների մասին` Է. Շարմազանովը նախ անդրադարձավ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին և Հայաստանի վրա դրա թողած ազդեցությանը: Նա նշեց, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստնում, ճգնաժամը, լինելով իր գագաթնակետին, ազդեցություն ունեցավ Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի վրա, և տնտեսությունն անկում ապրեց:

«Ավելի ճիշտը կանխարգելն է, քան թե ապաքինելը», - ընդգծեց խմբակցության քարտուղարն ու հավելեց. «Հենց այդ ճանապարհով էլ գնաց Տիգրան Սարգսյանի Կառավարությունը և նախագահ Սերժ Սարգսյանի թիմը, որի արդյունքում հնարավոր եղավ զերծ մնալ վատագույն սցենարներից»:

Կարևոր իրադարձությունների շարքում Է. Շարմազանովն առանձնացրեց նաև համաներում կիրառելը և մայիսին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունները, որն «ամենահրապարակայինն էր, ամենաբացը, երբ բոլոր թեկնածուներին էլ տրված էին հավասար պայմաններ` լուսաբանվելու և նախընտրական քարոզարշավ իրականացնելու»:

«Ուրախալի է, որ այդպիսի հավասար և ժողովրդավար պայմաններում բացարձակ հաղթանակ տոնեց Հանրապետական կուսակցությունը», - այս առիթով ընդգծեց Է. Շարմազանովը, ում համոզմամբ «Հանրապետականի համար ժողովրդավարական արժեքներն այլընտրանք չունեն»:

Խմբակցության քարտուղարը Հայաստանի ներքին քաղաքականությունում համերաշխության և երկխոսության մթնոլորտի կայացմանն ուղղված քայլ որակեց Հանրային խորհրդի կայացումը: Բացի այդ, ըստ Է. Շարմազանովի, երկխոսությանը նպաստեցին նաև մի քանի անգամ տեղի ունեցած քաղաքական խորհրդակցությունները` քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ:

Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համահայկական ճանապարհորդությանը` Է. Շարմազանովը նշեց, որ այդպիսով Հայաստանն «ամբողջ աշխարհին ներկայացավ որպես մի պետություն, որն ունի 10 մլն բնակչություն»:

«Նախագահի համահայկական ճանապարհորդությունը, չնայած կապված էր հայ-թուրքական հարաբերությունների հետ, սակայն նախագահն ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ գործ ունի ոչ թե 3 միլիոնանոց հայերի, այլ 10 միլիոնանոց կոշտ ու համախմբված հայերի հետ, որոնք իրենց պատմական ժառանգության և պատմական արդարության հետևորդն են լինելու», - ամփոփելով խոսքը` մանրամասնեց Է. Շարմազանովը:
 

Շարմազանով. «Հագեցած և իրադարձություններով հարուստ» 2009 թ-ը