29/12/2009 14:38
Նաիրիտում բութադիենային կաուչուկ կարտադրվի 2010 թ-ի գարնանից
Հայաստանի «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերությունում նաև բութադիենային տեխնոլոգիայով կաուչուկի արտադրությունը, հավանաբար, կսկսվի 2010 թ-ի գարնանը: Այս մասին Aysor-ին հայտնեց ընկերության մամլո ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ «Նաիրիտ գործարան»-ում բութադիենային կաուչուկի արտադրության հոսքագիծը նախատեսվում էր գործարկել մինչև այս տարեվերջ` ի հավելումն ացետիլեն-քլորոպրենային տեխնոլոգիայով ներկայումս գործող արտադրության:
«Պայթյունից հետո գործարանը սկսել է աշխատել սեպտեմբերի վերջին - հոկտեմբերի սկզբին, իսկ ձմռան նախաշեմին հոսքագիծ չենք աշխատեցնում: Պայթյունի պատճառով ամեն ինչ հետաձգվեց: Հույս ունենք, որ գարնանը կլինի»,- ասաց Ա. Հարությունյանը:
Նա տեղեկացրեց, որ բութադիենային տեխնոլոգիայով կաուչուկի արտադրության արտադրամասում ներկայումս ակտիվ շարունակվում են վերանորոգման և վերականգնման աշխատանքները:
Ա. Հարությունյանը նշեց, որ գործարանի ներկայիս արտադրական ծավալների ցուցանիշները դեռևս ամփոփված չեն, իսկ պայթյունից հետո, թեև վնասված արտադրամասը վերականգնվել է ամբողջովին և հիմա աշխատում է, բայց արտադրության ծավալները փոփոխվել են:
Հավելենք, որ բութադիենային տեխնոլոգիայով կաուչուկի արտադրության գործարկումը նախատեսված է «Նաիրիտ գործարան»-ի վերակառուցման և զարգացման 6-ամյա ծրագրի առաջին փուլով: Ծրագրով նախատեսվում է նաև քլորի արտադրության ընդլայնում, ացետիլեն-քլորոպրենային կաուչուկի արտադրության տեխնոլոգիայի, գործարանի տրանսպորտային-առաքման տերմինալի և ենթակառուցվածքային համակարգի վերակառուցում և այլն: