Արցախում կայացած ընտրությունները մեծ նշանակություն ունեն
24/05/2010 13:03

Արցախում կայացած ընտրությունները մեծ նշանակություն ունեն

Նախօրեին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայացած խորհրդարանական ընտրությունները մեծ նշանակություն ունեն: Այս մասին ասուլիսին հայտարարեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

«Կարելի է ասել, որ ԼՂՀ-ի պետականության կայացման և Արցախի հիմնահարցի կարգավորման գործում այս ընտրությունների անցկացման փաստը, ինչպես նաև այն, որ դրանք անցկացվում են բավականին լավ մակարդակով, և որ ԼՂՀ իշխանությունները ձևավորվում են ընտրությունների արդյունքում, ամենալուրջ ռեսուրսներից մեկն է, որը կարող է ԼՂՀ-ն օգտագործել` Ադրբեջանի հետ ունեցած հարաբերություններում»,- մանրամասնեց Ս. Մինասյանը:

Ասուլիսին ներկա քաղաքագետ Երվանդ Բոզոյանը նշեց. «Վերջին 20 տարիների ընթացքում ԼՂՀ-ն ապացուցեց, որ ինքը կայացած պետություն է, շատ ավելի կայացած, քան շատ ու շատ երկրներ, որոնք ֆորմալ իմաստով ճանաչված են միջազգային հանրության կողմից և ներկայացված են ՄԱԿ-ում»:

Ե. Բոզոյանի կարծիքով` Եվրամիությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է փոխեն իրենց դիրքորոշումն այս ընտրությունների հետ կապված: Նա հույս հայտնեց, որ կգա ժամանակ, երբ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն «պատվիրակներ կուղարկեն` Արցախում տեղի ունեցող ընտրություններին մասնակցելու»:
 

Արցախում կայացած ընտրությունները մեծ նշանակություն ունեն