.jpg)
Հունիսի 14-ին Նավասարդի տոնն է
Հնագույն տոների մասին բազմաթիվ տեղեկություններ կան, սակայն դրանց տոնելու կոնկրետ օրերը հայտնի չեն: Ըստ համապատասխան հետազոտական տվյալների` Նավասարդի տոնը նախկինում նշվել է ամառային արևադարձից մեկ շաբաթ առաջ, որն այժմյան օրացույցով համապատասխանում է հունիսի 14-ին:
Նավասարդը եղել է յոթօրյա տոնակատարություն, մասնակցել են տարբեր խավերի մարդիկ: «Ազգային տոների մասին վերհիշելը, դրանք տոնելն արվում է ինքնությունը պահպանելու, ազգային արմատներին վերադառնալու համար»,- ասաց Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանի տնօրեն, տոմարագետ Գրիգոր Բրուտյանը` հավելելով, որ արքունիքը նախկինում հավաքվել է Նպատ լեռան ստորոտին և մեծ շուքով նշել Նավասարդը:
Ավանդույթի համաձայն` արդեն 4 տարի է, ինչ նշվում է տոնը: Բրուտյանի խոսքերով, ծիսական կերակուրներից պարտադիր է եղել հարիսան` պատրաստված նորահաս ցորենով և զոհաբերված կենդանու մսով:
Բանաստեղծուհի Անահիտ Սարգսյանն էլ նշեց, որ Նավասարդի տոնակատարության ժամանակ պատահական երգ ու պարեր չեն եղել, միայն` ազգային ու ազգագրական: Նավասարդի չորրորդ օրը նորահաս ցորենի մեծարման օրն էր, իսկ 6-րդ օրը` ամուսնությունների:
Ի դեպ, հունիսի 14-ին, ժամը 9-ին Սունդուկյանի անվան թատրոնի հարակից տարածքից ավտոբուսները ցանկացողներին կտանեն դեպի Արագածոտնի մարզ` Արագածի լանջերին տոնելու Նավասարդի տոնը: