.jpg)
ՀՀ նախագահն ընդունել է Քաթարի նորանշանակ դեսպանին
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Նախագահի մամլո գրասենյակը, Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Քաթարի Պետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իբրահիմ Աբդ Ալ-Ռահման Ալ-Մուղայսիբը (նստավայրը` Թեհրան):
Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և ասել, որ Հայաստանը կարևորում է Քաթարի, ի թիվս արաբական այլ երկրների, հետ համագործակցության զարգացումը:
Նախագահը հույս է հայտնել, որ առաջիկայում Քաթարի Պետությունում ՀՀ դեսպանի նշանակմամբ և միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի աշխուժացմամբ` հիմք կդրվի արդյունավետ փոխգործակցության:
Դեսպան Ալ-Մուղայսիբն ասել է, որ Քաթարը հետաքրքրված է Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորություններով և մտադիր է բարձր մակարդակի փոխայցերի կազմակերպման միջոցով կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել տարբեր ոլորտներում համագործակցության շուրջ:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ: ՀՀ Նախագահն անթույլատրելի է համարել հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդելու Ադրբեջանի փորձերը` ափսոսանք հայտնելով, որ որոշ իսլամական երկրներ հաճախ աջակցում են այդ փորձերին:
Դեպանն ասել է, որ Քաթարը պաշտպանում է ԼՂ խնդիրը բացառապես խաղաղ միջոցներով լուծելու մոտեցումը և չի կարծում, թե այս հակամարտությունը կրոնական հիմք ունի: