Զուրաբյանը չի հիշում, որ Քոքոբելյանն անհամաձայնություն հայտներ
15/06/2010 17:30

Զուրաբյանը չի հիշում, որ Քոքոբելյանն անհամաձայնություն հայտներ

«ՀԱԿ–ը 18 կուսակցության համագործակցության դաշտ է, և մենք ընդհանրապես նեղ կուսակցական գործերին երբեք չենք խառնվում։ Հիմա յուրաքանչյուր կուսակցության մեջ կարող են լինել կադրային փոփոխություններ, կարող են լինել ինչ–որ բանավեճեր կամ քննարկումներ, բայց մենք դրանց երբեք չենք միջամտում։ Մեզ համար կուսակցությունների նպաստը չափվում է նրանց աշխատանքով, որը նրանք կատարում են ՀԱԿ քաղխորհրդում և կենտրոնական շտաբում»,– այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը՝ լրագրողների խնդրանքով անդրադառնալով ՀՀՇ վարչության նախագահի վստահության հարցի և փոխնախագահի հրաժարականի խնդրին։

Ընդդիմադիր գործիչն ասաց, որ նա երբեք չի լսել, որ ՀՀՇ ղեկավար կազմը երբևէ անհամաձայնություն հայտներ ՀԱԿ–ի վարած քաղաքական գծի հետ` նշելով, որ ՀՀՇ–ն ՀԱԿ քաղխորհրդի նիստերում ներկայացրել է հենց վարչության փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանը:

«Ես որևէ դեպք չեմ հիշում, որ Քոքոբելյանը անհամաձայնություն հայտներ Կոնգրեսի վարած քաղաքականության վերաբերյալ, հակառակը՝ կատարյալ աջակցություն այն ամենին, ինչ արվում է Կոնգրեսում»,– նշեց բանախոսը:


Ի պատասխան լրագրողների այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր է, որ առաջիկա ընտրություններին ՀՀՇ–ն մասնակցի միայնակ՝ ոչ ՀԱԿ կազմում, Լ. Զուրաբյանն ասաց.

«Բացարձակ նման որևէ նշան կամ սիգնալ գոյություն չունի որևէ մեկից։ Ես բացարձակապես նման բան չէի ասի, որևէ ինֆորմացիա չկա, որը կխոսեր նման բանի մասին»։

Նշենք, որ շաբաթ օրը տեղի ունեցած նիստի ժամանակ ՀՀՇ փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանը հրաժարական է ներկայացրել, իսկ կուսակցության նախագահ Արարատ Զուրաբյանը` վստահության հարց է բարձրացրել: Ինչպես Aysor-ին հայտնեց ՀՀՇ մամլո խոսնակ Կարեն Կարապետյանը, վարչությունը միաձայն որոշել է օրակարգում վստահության հարցը չներառել:
 

Զուրաբյանը չի հիշում, որ Քոքոբելյանն անհամաձայնություն հայտներ