.jpg)
Վ. Շիրխանյանը հակառուսական քարոզչությունը կործանարար է համարում
ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ուրվագծեց այն հիմնական ուղղությունները, որոնցով, ըստ նրա, Հայաստանում քարոզչություն է տարվում:
«Առաջինը` Հայաստանում պետքասիրության քարոզչությունն է, թե առանց Թուրքիայի Հայաստանը չի զարգանա, թե պետք է սահմանը բացել և այլն: Երկրորդը` Արցախի խնդիր շուտափույթ լուծումն է` փողզիջումներով, ապագայում անորոշ կարգավիճակով: Երրորդը` հակաբանակային գործընթացն է, իսկ չորրորդը` հակառուսականը, որը տարվում է ռուսական ռազմաբազայի դեմ, ՀԱՊԿ-ի դեմ և ընդհանրապես Ռուսաստանի հետ համագործակցության դեմ»,- մանրամասնեց Վ. Շիրխանյանը, ով այս ամենը համարում է «մի ամբողջական շղթայի գոհարներ, որոնց նպատակը Հայաստանը Ռուսաստանից կտրելն է, Հայաստանում Արևմուտքի ազդեցությունը հաստատելը»:
Վ. Շիրխանյանը նման զարգացումները Հայաստանի համար կործանարար է գնահատում, քանի որ Ռուսաստանն է, որը «պաշտպանում է Հայաստան-Թուրքիա սահմանն ամբողջապես, ապահովում է Հայաստանի անվտանգությունը»:
Ինչ վերաբերում է Հայաստանում ռուսական ռազմաբազաների գործունեության մասին պայմանագրի ժամկետի երկարացմանը, քաղաքական գործիչն այն դրական է գնահատում, քանի որ, նրա կարծիքով` «պայմանագրի համաձայն` Ռուսաստանը պարտավորվում է արդիականացնել Հայաստանում եղած սպառազինությունը և պլանավորում է հասցնել այնպիսի վիճակի, որ Հայաստանի դեմ ցանկացած սպառնալիք կանխվի և չեզոքացվի անմիջապես»: