Հայ-ռուսական ռազմական պայմանագիրը «բխում է մեր ազգային շահերից»
20/08/2010 15:10

Հայ-ռուսական ռազմական պայմանագիրը «բխում է մեր ազգային շահերից»

«Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց հայ-ռուսական փոփոխված պայմանագրի շուրջ:

Հիշեցնենք, որ այսօր ստորագրվեց Գյումրիում ռուսական ռազմաբազայի վերաբերյալ երկկողմ համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրություն, որի համաձայն ռուսական ռազմաբազայի ներկայության ժամկետը ավելանալու է 49 տարով` 25 տարվա փոխարեն:

Ըստ Գ.Հարությունյանի, Հայաստանի համար անվտանգության խնդիր կա, քանի որ ունենք խոշոր ռազմական տերություն` հարևան Թուրքիան, որը «մշտապես վտանգում է մեր անվտանգությունը»:

Բանախոսը հիշեցրեց 1992 թ.-ը, երբ Արցախյան ճակատում հաջողություններից հետո Թուրքիան կենտորնացրեց իր զորքերը Հայաստանի Հանրապետության սահմանի երկայնքով` Նախիջաևանում, և եթե չլիներ ռուսական միջամտությունը, ապա «կտեսնեինք հայ-թուրքական բավական դրամատիկ պատերազմ»:

«Մենք ունենք լուրջ վտանգ, իրադրությունը փոխվել է, բայց դեպի վատը: Այսօր ունենք հարձակողական տրամադրություններ ունեցող Թուրքիա, քան 1992 թ.-ին էր»,- ընդգծեց Գ. Հարությունյանը:

Բանախոսը համոզմունք հայտնեց, որ նոր պայմանագիրը, որը ոչ միայն պաշտպանում է Ռուսաստանի շահերը` ռազմական հենակետի միջոցով, այլ ապահովում է Հայաստանի անվտանգությունը, բխում է մեր ազգային շահերից: