.jpg)
Հայաստանը կարող է «քաղաքական ճնշումների թիրախ դառնալ»
Հայ-ռուսական արձանագրության ստորագրումը կարևոր ռազմաքաղական երևույթ է, և ունի տարածաշրջանային նշանակություն: Այս մասին հրավիրված մամլո ասուլիսում ասաց թուրքագետ, քաղաքական մեկնաբան Հակոբ Չաքրյանը:
Նա հիշեցրեց, որ մինչ հայ-ռուսական արձանագրությունների ստորագրումը լուրեր էին պտտվում` Ադրբեջանին C-300 համակարգի մատակարարման և Թուրքիայի` Նախիջևանում ռազմաբազա ստեղծելու վերաբերյալ:
«Հենց այդ խոսակցություններն էլ ստեղծեցին նախադրյալներ, որ մենք երկարաձգենք Հայաստանում ռուսական ռազմաբազայի ժամկետը», - ասաց Չաքրյանը:
Քաղաքագետը կարծում է, որ ռազմաբազայի մասին պայմանագրի երկարաձգումը ամրապնդում է Հայաստանի ազգային անվտանգությունը, սակայն միևնույն ժամանակ կարող է «Արևմուտքի համար քաղաքական ճնշումների թիրախ դառնալ»:
«Այս պայմանագրի շնորհիվ Հայաստանը չի դառնա ռազմական գործողությունների թիրախ, սակայն չի բացառվում, որ քաղաքական ճնշումներն ավելանան: Ավելի մեծ երկրների դեպքում նմանատիպ պայմանագիրը կարող էր տվյալ պետությանը դարձնել ռազմական գործողությունների թիրախ, սակայն Հայաստանի պարագայում մենք այդ խնդիրը չունենք»,- նշեց Հ. Չաքրյանը և ավելացրեց, որ, այնուամենայնիվ, պետք է վախենալ քաղաքական ճնշումների թիրախ դառնալուց:
Հ.Չաքրյանը հատկապես ընդգծեց այն, որ Ռուսաստանը եղել և մնում է Հայաստանի ռազմական գործընկերը, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ կարելի է վստահել ռուսական կողմին: