«Մաքուր հայրենիք» ծրագիրը սկսելու է մեծածավալ աշխատանքներ
24/08/2010 13:32

«Մաքուր հայրենիք» ծրագիրը սկսելու է մեծածավալ աշխատանքներ

Այսօր «Բնապահպանական ծրագրերի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վիկտոր Մարտիրոսյանը լրագրողներին ներկայացրեց «Մաքուր հայրենիք» ազգային ծրագիրը, որի արդյունքում ստեղծվել է միջգերատեսչական աշխտանքային խումբ` համալրված նախարարությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներով:

«Մաքուր հայրենիք» ծրագիրը չի հավակնում վերցնել բոլոր բնապահպանական գործընթացները, այլ` շրջակա միջավայրի մաքրության, էկոլոգիական խնդիրները հասարակայնորեն հնչեցնելու, հասարակության տարբեր շերտերի մասնակցությունը ապահովելու, ինչպես նաև համագործակցային, իրավական դաշտ ապահովելու նպատակ ունի»,- նշեց Վ. Մարտիրոսյանը:

Բանախոսը շեշտեց, որ այս ծրագիրը ոչ թե նախարարությունների, ոչ թե հասարակական մեկ շերտի համար է, այլ իր բնույթով հանրային և մասսայական է:

Վ. Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերից սկսվելու են մեծածավալ աշխատանքներ, և հանրապետության տարբեր վայրերում մեկնարկելու են տարբեր ծրագրեր` կապված պահպանվող տարածքների, երթուղիների, գյուղական համայնքների, քաղաքային համայնքների մաքրման հետ:

«Մեր խնդիրն է, որպեսզի այս գաղափարը տարածվի և դրա հիմնական երաշխավորը տեսնում ենք երիտասարդությանը»,- շեշտեց Վիկտոր Մարտիրոսյանը:
 

«Մաքուր հայրենիք» ծրագիրը սկսելու է մեծածավալ աշխատանքներ