.jpg)
Ս. Նիկոյան. Կգա մի օր, երբ գիտելիքը կլինի առաջնային
Այսօր նոր ուսումնական տարին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը սկսեց համալսարանի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հանդիպմամբ:
Շնորհավորելով ուսանողներին Գիտելիքի օրվա և ուսումնական տարվա մեկնարկի առիթով` բուհի ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը ներկայացրեց բոլոր այն առանձնահատկություններն ու առավելությունները, որոնք բուհը մատուցում է իր ուսանողներին:
«Պոլիտեխնիկը ոչ միայն մասնագիտական կադրերի դարբնոց է, այլև մեր պետության, մեր ժողովրդի կյանքում առանձնահատուկ նշանակություն ունեցող հաստատություն է, որի վկան այն արժանավոր շրջանավարտներն են, որոնք այսօր էլ շարունակում են ծառայել մեր ժողովրդին և պետությանը` պետական, քաղաքական հասարակական գործիչները, ինչու՞ չէ, նաև մշակույթի և արվեստի շատ գործիչներ»,- ընդգծեց Ո. Մարուխյանը:
Ներկաներին շնորհավորական խոսքով դիմեց նաև ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ ՀՊՃՀ խորհրդի նախագահ Սամվել Նիկոյանը, ով նաև համալսարանի նախկին շրջանավարտներից է: Նա, դիմելով ուսանողներին, նշեց, որ «պոլիտեխնիկական ինստիտուտն ունի բոլոր հնարավորությունները` ուսանողներին տալու այն, ինչ ցանկանում են»:
«Պոլիտեխնիկական ինստիտուտն ավարտելուց հետո` անկախ նրանից, թե դուք կյանքի որ բնագավառում կլինեք, որտեղ կլինեք, կաշխատեք ձեր մասնաիգիտությամբ, թե կհայտնվեք մեկ այլ ոլորտում, հիշեք, որ պոլիտեխնիկը ձեզ տալու է մի շատ կարևոր գիտելիք և ունակություն` այն մտածելու և գործելու ալգորիթմն է` ինժիներական մտածողությունը, որը միայն այստեղ կարող եք ստանալ»,- հայտնեց Ս. Նիոկյանը` ներկայացնելով բուհի առանձնահատկությունը:
Լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ Ս. Նիոկյանը շնորհավորեց բոլորին Գիտելիքի օրվա առիթով և ընդգծեց. «Միգուցե այսօր Հայաստանում արժեքային համակարգը այնպիսին է, որ գիտելիքը չէ այն առաջնայինը, որով մարդը կարող է իրացվել, բայց հուսով եմ, որ մենք յուրաքանչյուր տարի քայլ առ քայլ մոտենում ենք այդ օրվան, որ յուրաքանչյուր մարդու համար գիտելիքը կլինի առաջնայինը, որով նա կկարողանա արժևորվել և դրսևորվել կյանքում»:
Տեղեկացնենք նաև, որ համալսարանի ռեկտորը ԵՊՃՀ-ի բարձրագույն հուշամեդալ` ոսկե մեդալ հանձնեց բուհի վաստակավոր դասախոսներին: Բացի այդ` բուհի լավագույն շրջանավարտների ավարտական դիպլոմները հանձնվեցին հանդիսավոր կարգով: