ԱԺ փոխխոսնակը հեռացվել է պաշտոնից, բայց ոչ` ԲՀԿ-ից
22/09/2010 13:46

ԱԺ փոխխոսնակը հեռացվել է պաշտոնից, բայց ոչ` ԲՀԿ-ից

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արևիկ Պետրոսյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության որոշման համաձայն` հրաժարվել է զբաղեցրած պաշտոնից, այսօր ասուլիսի ժամանակ հայտատարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը:

«Դա մեր կուսակցության որոշումն է, բայց չի նշանակում, որ Արևիկ Պետրոսյանը հեռացվում է կուսակցությունից»,- հավելեց նա, նշելով, որ մոտակա օրերին կուսակցությունը որոշում կկայացնի, թե ԲՀԿ-ից ով կդառնա փոխխոսնակ:

Վահե Էնֆիաջյանը թերևս չպատասխանեց լրագրողների հարցին, թե ինչով է պայմանավորված փոխխոսնակի անակնկալ փոփոխությունը:

«Սա մեր կուսակցության որոշումն է, չեմ մանրամասնում»,-ասաց նա:

Պատասխանելով հարցին, թե որքանով է կուսակցության որոշման վրա ազդել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կարծիքը, պատգամավորն ասաց. «Բնականաբար, մեր կուսակցության բոլոր որոշումներին մասնակցում է կուսակցության նախագահը, և նրա խոսքը որոշումների ընթացքում ծանրակշիռ դեր ու նշանակություն ունի ամբողջ կուսակցության համար»,- նշեց քաղաքական գործիչը, ապա հավելեց. «Մենք մեր կուսակցության նախագահին հարգում ենք, գնահատում ենք, և նրա խոսքը, բնականաբար օրենք է, բայց մենք ունենք քաղաքական խորհուրդ, կուսակցական որոշում, որի հետ հաշվի են նստում բոլոր կուսակցականները` սկսած շարքային անդամից»:
 

ԱԺ փոխխոսնակը հեռացվել է պաշտոնից, բայց ոչ` ԲՀԿ-ից