.jpg)
Կարծիք. «Հավանական է, որ քաղաքապետ դառնա Տարոն Մարգարյանը»
Այսօր ասուլիսի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ Երևանի քաղաքապետի թափուր մնացած պաշտոնի հարցին:
«Ես կանխատեսումներից հեռու եմ, բայց եթե պիտի փորձենք թվաբանական ինչ-որ գործողություններ կատարել, հավանական է, որ Երևանի նոր քաղաքապետ դառնա Տարոն Մարգարյանը»,-ասաց նա:
Նշենք, որ «Երևանում տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մասին» օրենքի համաձայն, քաղաքապետի լիազորությունները ժամանակավորապես ստանձնել է Երևանի առաջին փոխաքաղաքապետ, ՀՀԿ անդամ Տարոն Մարգարյանը: Նա կկատարի քաղաքապետի պարտականություններն այն երեսուն օրվա ընթացքում, որի ժամանակ ավագանին պետք է նոր քաղաքապետ ընտրի:
Համաձայն օրենքի` քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում, անցկացվում են քաղաքապետի արտահերթ ընտրություններ` քաղաքապետի ընտրությունների համար սահմանված կարգով:
Նշենք, որ դեկտեմբերի 13-ին կգումարվի Երևանի ավագանու արտահերթ նիստ, որի ընթացքում սահմանվելու է Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամկետը: