Կարծիք. Ֆիզիկական բռնության միջոցով հարցեր լուծելու էջը փակվեց
10/12/2010 12:42

Կարծիք. Ֆիզիկական բռնության միջոցով հարցեր լուծելու էջը փակվեց

Այն էջը փակվեց, երբ կարող են ֆիզիկական բռնության միջոցով հարցեր լուծել: Չնայած առջևում էլի կարող են այդպիսի բաներ լինել, բայց դրանք պատժվելու են: Նման կարծիք է հայտնել «Շանթ» հեռուստաընկերության եթերում Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը` անդրադառնալով Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրաժարականն:

Նա նշել է, որ չի հիշում մի դեպք, երբ Հայաստանի ղեկավարն արձագանքեր քաղաքական ազդեցիկ գործչի՝ պարկեշտության սահմաններն անցնող արարքին:

Ողջունելով հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի պայքարը՝ ֆիզիկական հաշվեհարդարով հարցեր լուծելու երևույթի դեմ` Հանրային խորհրդի նախագահը փաստել է, որ այդ պայքարը Հայաստանում ողջունում են շատ մարդիկ, ինչի վկայությունը բազմաթիվ զանգերն ու այցերն են Հանրային խորհուրդ, որոնց ժամանակ բոլորը գոհունակությամբ են արտահայտվել Հայաստանում բռնությամբ ու զոռբայությամբ հարցեր լուծելու երևույթի դեմ սկսված պայքարին:

«Հիմա քիթ տրորվելու ժամանակն է»,- ասել է Վազգեն Մանուկյանը՝ ավելացնելով, որ չի հիշում մի դեպք, երբ Հայաստանի ղեկավարն արձագանքեր քաղաքական ազդեցիկ գործչի՝ պարկեշտության սահմաններն անցնող արարքին: Նման երևույթների դեմ պայքարը, ըստ Վ. Մանուկյանի, Հայաստանում պետք է սկսվեր դեռևս 20 տարի առաջ. « Սա քաղցկեղի պես հիվանդություն էր, բոլորն անհամբեր սպասում էին, թե երբ է նախագահն սկսելու պայքար՝ դրա դեմ: Այն հարցին, թե ե՞րբ, նախագահը պատասխանեց՝ այսօրվանից: Ազդանշանը, որ տրվեց, սկսվեց քաղաքապետի հրաժարականն ընդունելուց: Իմ փորձից կարող եմ ասել, որ եթե մի երևույթի դեմ խիստ պայքարում ես, մի դեպքով կանխում ես մնացածը: Լավ կլիներ, որ այդ պայքարը Հայաստանում սկսվեր 90-ականներից»:

Պատասխանելով հարցին, թե արդյոք «տեսակի՞ պայքար էր արդյոք տեղի ունեցածը»` Վ. Մանուկյանն ասել է. «Մոտեցումների, տեսակի ինչ-որ փոփոխություններ իսկապես կատարվում են հիմա Հայաստանում: Աննկատ է շատերի համար, բայց փոփոխություններ կատարվում են: Եվ ես համոզված եմ, որ այն էջը փակվեց, երբ կարող են ֆիզիկական բռնության միջոցով հարցեր լուծել: Չնայած առջևում էլի կարող են այդպիսի բաներ լինել, բայց դրանք պատժվելու են»:

Վ. Մանուկյանը համոզմունք է հայտնել, որ պայքարի հաջորդ էջը «մեր դեմ խաղ չկա» բանաձևը ոչնչացնելուն պետք է վերաբերվի, իսկ մենք, ըստ Հանրային խորհրդի նախագահի, այդ էջի վրա ենք:
 

Կարծիք. Ֆիզիկական բռնության միջոցով հարցեր լուծելու էջը փակվեց