.jpg)
Հայաստան է ժամանելու Նոբելյան մրցանակակիր սըր Թիմոթի Հանթը
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի» նախագահ Արսեն Գասպարյանը տեղեկացրեց, որ փետրվարի 20-ից 26-ը Հայաստանում տեղի է ունենալու դասախոսությունների շարք` նվիրված գենետիկայի ոլորտի նվաճումներին: Միջոցառումը կանցկացվի Երևանի պետական համալսարանի և Եվրոպական կենսաքիմիկոսների ասցիացիայի ֆեդերացիայի հետ համատեղ:
«Միջոցառմանը մասնակցելու են 13 արտերկրյա աշխարհահռչակ գիտնականներ և 5 հայ գիտնականներ. Հայաստան է ժամանելու Նոբելյան մրցանակակիր սըր Թիմոթի Հանթը»,- շեշտեց Ա. Գասպարյանը և հավելեց, որ դասախոսություններին մասնակցելու են նաև երիտասարդ 19 գիտնականներ և ուսանողներ արտերկրից և 30 երիտասարդ գիտնականներ Հայաստանից:
«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի» արտաքին կապերի համակարգող Հովակիմ Զաքարյանն, իր հերթին, նշեց, որ Հայաստան են հրավիրվել գիտնականներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ճապոնիայից, Ֆրանսիայից, Կանադայից, Արևելյան Եվրոպայի երկրներից, Ռուսաստանից: Հրավիրված են նաև հայազգի գիտնականներ Վիջինյա Զաքյանը, Գրեյք Համբիկյանը և ուրշներ:
«Վերջին տասնամյակների հետազոտությունները ցույց են տալիս, որ գենետիկական անկայունությունը այնպիսի հիվանդությունների հիմնական պատճառներից մեկն է հանդիսանում, ինչպիսին քաղցկեղն է»,- շեշտեց Հովակիմ Զաքարյանը և հավելեց, որ գենետիկական անկայունությունների թեման այսօր շատ արդիական է: