Երևանի փողոցներում 100-ից ավել մարդիկ են գիշերում
25/01/2011 11:53

Երևանի փողոցներում 100-ից ավել մարդիկ են գիշերում

«Մենք վիճակագարություն չունենք, թե քանի անօթևան կա մայրաքաղաքում կամ Հայաստանում, բայց բոլոր դեպքերում մոտավոր գիտենք, որ 100-ից ավել մարդիկ են գիշերում Երևանի փողոցներում»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՀՀ սոցիալական ապահովության նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ Անահիտ Գևորգյանը:

Նրա խոսքով՝ ոչ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Գյումրիում նույնպես կա մոտ 100 հոգի անօթևան, իսկ մյուս խոշոր քաղաքներում անօթևաններ այդքան չկան, քանի որ մարզերից գալիս են Երևան:

Ա.Գևորգյանն ասաց, որ բացման օրից՝ 2006թ.-ից, մինչ այսօր անօթևանների կացարանը տանիք է դարձել 1260 հոգու համար: Նա փաստեց, որ կացարանում ապրողների թիվը փոփոխության չի ենթարկվել, քանի որ կա 50 տոկոսով դիմելու կրկնակիություն. կացարանը լքած մարդիկ նորից հետ են վերադառնում:

Ասուլիսի մյուս բանախոս` թիվ 1տուն-ինտերնատին կից անօթևանների ժամանակավոր կացարանի փոխտնօրեն Արթուր Մարկոսյանն էլ ասաց, որ իրենց աշխատանքի արդյունքում 5 տարվա ընթացքում 22 անօթևան վերադարձել է ընտանիք, իսկ 24 հոգի` տեղավորվել աշխատանքի:

Հիշեցնենք, որ անօթևանների կացարանում մարդիկ կարող են մնալ ընդամենը 60 օր:

«Ամեն տարի դիմում ենք նոր կացարան ստեղծելու խնդրով, իսկ այս տարի կառավարության կողմից բյուջեում փոփոխությունը (նախկինում 54 միլիոն դրամ էր հատկացվում, այս տարի՝ 69 միլիոն դրամ) պայմանավորված էր գույքի ձեռքբերմամբ ու սննդամթերքի թանկացմամբ»,- Aysor.am-ին մենկաբանեց Ա.Մարկոսյանը:

Վերջինիս խոսքով՝ մեկ սպասարկվողի համար օրական ծախսվում է 2500 դրամ, որից միայն երեքանգամյա սնունդը 1600 դրամ է կազմում:

Նշենք, որ անօթևանների կացարան ընդունելիս հաշվի են առնում նաև բժշկական հակացուցումները. օրինակ՝ տուբերկուլյոզով կամ սուր վարակիչ հիվանդություններով այնտեղ չեն թողնում, քանի դեռ բժշկական օգնություն չի ստացել: Իսկ կացարանում աշխատող իրավաբանները օգնում են անօթևաններին ձեռք բերել առաջին անհրաժեշտ փաստաթղթերը՝ անձնագիր, հաշմանդամության փաստաթուղթ և այլն:

Ա.Գևորգյանը նշեց, որ անօթևանների կացարանում լինում են նաև կարգապահության խախտման դեպքեր. ազատազրկման վայրերից ազատվածների, նախկին հարբեցողների հետ, օրինակ, հնարավոր չէ, որ «պիոներական ճամբարի կարգապահություն» լինի:

Վերջինիս խոսքով՝ ֆանտաստիկայի ժանրից կլինի, եթե ասենք, որ ուզում ենք հասնել նրան, որ անօթևան չլինի, բայց ճիշտ կլինի երևույթը կանխարգելել՝ բնակարանային ծրագրեր իրականացնելով, իսկ որպես հրատապ լուծում՝ նոր կացարան ստեղծելով:
 

Երևանի փողոցներում 100-ից ավել մարդիկ են գիշերում