.jpg)
Կարծիք. «Մենք պետք է ստեղծենք չափանիշային զինվորական կերպար»
Մենք կանգնած ենք կոնցեպտուալ խնդրի առջև. փաստեր և փաստերի ընդհանրացումներ: Ոչ ոք չի ասում, որ բանակում սպանությունների փաստերը պետք է կոծկել կամ բանակը վարդագույն ներկայացնել. կարևոր է այն հարցը, թե այդ փաստերը որքանո՞վ են ընդհանրական: Այսօր հրավիրված մամլո ասուլիսում այս մասին ասաց Գրականության ինստիտուտի փոխտնօրեն, Արցախյան պատերազմի մասնակից Վարդան Դևրիկյանը:
Բանախոսը հարց տվեց, թե հայ հրամանատարի այն կերպարը, որ ստեղծվում է այսօր, որքանո՞վ է արդար և որքանո՞վ է իրականությանը համապատասխանում: Արդյո՞ք այդ ստեղծված կերպարը նպաստում է մեր բանակի առողջացմանը, թե՞ հակառակ հետևանքն է տեղի ունենում:
Ըստ նրա` եթե մշտապես ինչ-որ մեկին ասվի «բոմժ», հանցագործ, ակամա մարդը կոմպլեքսավորվում է և մտնում այդ հոգևիճակի մեջ:
«Այսօր անընդհատ ցեխի նման մեր հրամանատարական անձնակազմի վրա շպրտվում է, որ դուք սադիստ եք, մարդ ծեծող եք»,- ընդգծեց Վ. Դևրիկյանը և հավելեց, որ նման վերաբերմունքը ոչ մի լավ բանի չի ծառայում:
«Մենք պետք է ստեղծենք իդեալ-չափանիշային հասկացություն` զինվորականի կերպար, որը չլինի կեղծ, իրականությունից կտրված: Իդեալ-չափանիշ լինի, որի հետ հոգեբանորեն հարաբերվի այսօրվա հրամանատարի կերպարը»,- համոզմունք հայտնեց գրականագետը: