Հայրենիքի պաշտպանի օրը նշում են նաև Հայաստանում
23/02/2011 12:40

Հայրենիքի պաշտպանի օրը նշում են նաև Հայաստանում

Փետրվարի 23-ը Ռուսաստանի Դաշնությունում նշվում է որպես Հայրենիքի պաշտպանի օր: Ինչպես ԱՊՀ մի շարք երկրներում, այնպես էլ Հայաստանում այդ օրը տոնական միջոցառումներ են կազմակերպվում:

Երևանի Հաղթանակի զբոսայգում` Անհայտ զինվորի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի մոտ քիչ առաջ ավարտվեց Հայրենիքի պաշտպանի տոնին նվիրված հանդիսավոր արարողությունը: ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմը, Հայաստանում տեղակայված ռուսաստանյան զինված ուժերի ներկայացուցիչները և ՌԴ դեսպանատան աշխատակիցները ծաղիկներ դրեցին Անհայտ զինվորի գերեզմանին, որից հետո տեղի ունեցավ զինվորական շքերթ` հայկական և ռուսական ստորաբաժանումների մասնակցությամբ: Շքերթն ընդունեց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ Զինված ուժերի ղեկավար կազմն ու Հայաստանում ռուսաստանյան ռազմական ստորաբաժանումների ղեկավարությունը:

Առավոտվանից Հայրենական Մեծ պատերազմի, Աֆղանական և Արցախյան գոյամարտերի վետերանները գալիս են հարգանքի տուրք մատուցելու զոհված ընկերներին` ծաղիկներ դնելով Հավերժ կրակի մոտ: Տոնական միջոցառումներ են ընթանում նաև Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսաստանյան ռազմաբազան:

Նշենք, որ 1922-ին այս օրը պաշտոնապես համարվել է Կարմիր Բանակի օր: Ավելի ուշ, ԽՍՀՄ-ում այս տոնը նշվում էր որպես համաժողովրդական տոն` Սովետական բանակի օր: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո տոնը Ռուսաստանում անվանափոխվել է ու կոչվում է Հայրենիքի պաշտպանի տոն:
 

Հայրենիքի պաշտպանի օրը նշում են նաև Հայաստանում