.jpg)
Ճապոնիայի դեպքերից արթնացել է «կանխարգելման սինդրոմը»
Ճապոնիայում տիրող իրավիճակով պայմանավորված` Հայաստանում գործող հոգեբանական կենտրոններում մարդկանց հաճախելիությունն ավելացել է, քանի որ «մարդկանց մոտ արթնացել է կանխարգելման սինդրոմը»: Լրագրողների հետ հանդիպմանը նման փաստ արձանագրեց Գյումրիի երկրաշարժից տուժածների հետ աշխատած հոգեբան Հրանտ Ավանեսյանը:
«Սա պայմանավորված է նրանով, որ Հայաստանում դեռևս ամբողջովին չեն վերացվել Սպիտակի երկրաշարժի հետևանքները, քանի որ դեռևս կա Աղետի գոտի, կան չլուծված բազմաթիվ խնդիրներ: Հայերի մոտ առաջացավ այնպիսի հոգեվիճակ, որով սրվեցին նաև մյուս բոլոր խնդիրները»,- ասաց Հ. Ավանեսյանը:
Նա նշեց, որ Հայաստանը լինելով սեյսմաակտիվ գոտում` պետք է բարձրացնի հոգեբանական կրթվածության մակարդակը: Հոգեբանի խոսքով, մարտահրավերների պատասխանների մեջ պետք է տեսնել հոգեբանական ենթատեսքը և դա տեսնելով հանդերձ` միասին ուժ հանդիսանալ` դժվարությունները հաղթահարելու համար:
Հրանտ Ավանեսյանը գտնում է, որ Ճապոնիայի երկրաշարժը մեծ ողբերգություն է, որն ազդեցություն է թողել ամբողջ աշխարհի, այդ թվում երկրաշարժեր վերապրած ազգերի, և հատկապես հայերի վրա:
Սակայն հոգեբանը կոչ արեց զգոն լինել, և թույլ չտալ, որպեսզի նման դեպքերը թուլացնեն ազգին: «Նման իրավիճակներում աղանդները, ոչ բարեխիղճ քաղաքական ուժերն ակտիվորեն սկսում են հոգեորսությամբ զբաղվել: Պետք է պարզապես տեսնել ու հասկանալ, որ երկրաշարժը բնական աղետ է և զոհ չգնալ հոգեորսությանը»,- խորհուրդ տվեց Հ. Ավանեսյանը: