.jpg)
Ա. Կարապետյան. «Եթե ամեն ինչ այսպես մնա, ես չեմ միանա ՀԱԿ-ին»
Հայաստանում քաղաքական վերձևավորումները կսկսվեն այս տարվա սեպտեմբերից, իսկ հիմա տեղի ունեցող գործընթացները զուտ տեղաբաշխման գործընթացներ են: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Նոր Ժամանակներ կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը:
Ըստ նրա` 2012-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կկազմվեն նախընտրական դաշինքներ, մասնավորապես` «Ժառանգություն», Դաշնակցություն, Ժողովրդական կուսակցություն և այլ ուժեր, որոնք բանակցությունների մեջ են:
Ա. Կարապետյանի խոսքերով` նա և իր կուսակցությունը այդ ուժերի դաշինքի մեջ չեն մտնի, իսկ խորհրդարանական ընտրություններին կարող է մասնակցել միայնակ:
Նախընտրական տարում, ինչպես ասաց ՆԺԿ առաջնորդը, քաղաքական ուժերի շփումները կակտիվանան. «Այսօր երկրում արտահերթ գործընթացների բոլոր օբյեկտիվ պայմանները կան, սակայն պետք է նշել, որ չկան արտահերթ ընտրությունների անցկացման սուբյեկտիվ պատճառները»:
Շարունակելով տարբեր քաղաքական ուժերի հետ համագորածակցելու թեման` Ա. Կարապետյանը նշեց, որ այսօր ակտիվ քաղաքական շփումների մեջ է Ժողովրդական կուսակցության հետ: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի հետ համագործակցելուն, Ա. Կարապետյանի խոսքով, ՆԺԿ-ն գաղափարական դաշինքների կողմնակից է, և եթե իրենք գաղափարներով չեն համընկնելու, ապա չեն համագործակցի. «Եթե ամեն ինչ այսպես մնա, ես չեմ միանա ՀԱԿ-ին, իսկ ընտրություններին կմասնակցեմ կա՛մ միայնակ, կա՛մ որևէ դաշինքով»:
Ըստ ՆԺԿ առաջնորդի` սպասվում է քաղաքական զարգացումների առումով հետաքրքիր աշուն: