.jpg)
Ադրբեջանահայերը ղարաբաղյան կոնֆլիկտում` ինքնուրույն սուբյեկտ
«Ադրբեջանական ԽՍՀ հայերը նույնպես պետք է հանդիսանան ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման ինքնուրույն իրավա-քաղաքական սուբյեկտ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ադրբեջանահայ փախստականների համագումարի իրավական խորհրդատու Անդրիաս Ղուկասյանը:
Նա նշեց, որ այն փաստը, որ Ադրբեջանական ԽՍՀ հայերը դարձել են միտումնավոր, նպատակասլաց և դաժան խտրականության զոհեր, ներառյալ կյանքի իրավունքի մերժումը` անվիճելի է:
«Միանգամայն ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանը չի կարող որոշվել առանց խտրականության զոհ դարձած Ադրբեջանական ԽՍՀ հայերի շահերի հաշվառման»,-ընդգծեց Ա. Ղուկասյանը:
Նրա համոզմամբ, ԵԱՀԿ Մինսկի խումբը ետին պլան է մղել մարդու իրավունքների խախտումների վերականգնման պրոբլեմը և այս տարիների ընթացքում Մինսկի խմբի կողմից առաջարկած լուծումներից որևէ մեկում հայ փախստականների խախտված իրավունքների վերականգնման կամ փոխհատուցման որևէ մեխանիզմ չի ներառվել:
Ա. Ղուկասյանի կարծիքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը հետապնդել է մեկ հիմնական նպատակ` ֆաշիստական Ադրբեջանական Հանրապետությունը լեգալացնել Ադրբեջանական ԽՍՀ սահմաններում:
Նա շեշտեց, որ ադրբեջանահայերը իրավունք ունեն բնակվելու ազատագրված տարածքներում:
Ա. Ղուկասյանը հայտնեց, որ ադրբեջանահայերը այսօր ցանկանում են ինքնուրույն կազմակերպվել և բոլոր կառույցներին ներկայացնել իրենց պահանջները և իրենց դիրքորոշումները: