Երևանի կենդանաբանական այգին նշելու է իր ստեղծման 70-ամյակը
13/07/2011 12:38

Երևանի կենդանաբանական այգին նշելու է իր ստեղծման 70-ամյակը

Այս տարի Երևանի կենդանաբանական այգին նշելու է իր ստեղծման 70-ամյակը: Իրականում, Երևանում Կենդանաբանական այգի հիմնելու գաղափարը ծնվել էր շատ ավելի վաղ, սակայն շինարարական աշխատանքները սկսվեցին միայն 1941 թ-ին:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում կառուցման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին, իսկ պատերազմից հետո վերսկսված շինարարությունը ավարտվեց 1950 թ-ին:

Երևանի կենդանաբանական այգին կարևոր դեր է ունեցել և այսօր էլ ունի Հայաստանի քաղաքացիների, հատկապես Երևանի բնակիչների կյանքում, ուստի այգու հոբելյանին ընդառաջ կոչ ենք անում միանալ այգու պատմությունն ու արխիվն ամբողջացնելու գործընթացին: Ուղարկե՛ք այգուն առնչվող Ձեր հին լուսանկարները, տեսանյութերն ու ձայնագրությունները (մինչև 2000 թ-ն արված) [email protected] էլեկտրոնային հասցեին:

Այգին հրավիրում է թարմացնել Ձեր հուշերը և պատրաստ է յուրաքանչյուր լուսանկարի դիմաց առաջարկել մուտքի մեկ տոմս:

«Մենք անհամբեր սպասում ենք նաև այգու մասին ձեր հետաքրքիր պատմություններին. եթե Դուք այգու հետ կապված հետաքրքիր, արտասովոր հուշեր ունեք, մեր ստեղծագործական թիմը պատրաստ է հարցազրույցի նպատակով հանդիպել Ձեզ հետ: Հավաքված ամբողջ նյութը ոչ միայն պահպանվելու է Կենդանաբանական այգու արխիվում, այլ նաև ներկայացվելու է այգու 70-ամյակին նվիրված ցուցահանդեսի ժամանակ: Բացի այդ, լավագույն լուսանկարները և պատմությունները կհրապարակվեն Երևանի կենդանաբանական այգու ինտերնետային կայքում»,-ասված է այգու տարածած հայտարարության մեջ:
 

Երևանի կենդանաբանական այգին նշելու է իր ստեղծման 70-ամյակը