29/08/2011 13:11
Երկխոսությունը դեռ կշարունակվի. այլ տարբերակ չկա
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը, անդրադառնալով առկախված երկխոսությանը, ասաց, որ այն ոչ թե բանակցություն է պատվիրակությունների միջև, այլ երկխոսություն` աշխատանքային պատվիրակությունների միոցով:
«Այն առիթը, որն օգտագործվում է երկխոսությունն առկախելու համար, շինծու է, քանի որ հարցը չի վերաբերում երկրի քաղաքական խնդիրներին, և չի կարող պատճառ հանդիսանալ, որ երկխոսությունը կանգ առնի: Եթե ՀԱԿ ակտիվիստը կատարել է հանցավոր արարք, ապա նա օրենքի սահմանված կարգով պետք է պատասխանատվություն կրի»,- ասաց ՀՀԿ պատգամավորը: Ըստ նրա, այս միջադեպն արհեստածին խոչընդոտ է, իսկ եթե իշխանությունը ազատ արձակի ՀԱԿ ակտիվիստին, ապա դա կարող է վտանգավոր նախադեպ դառնալ:
Ասուլիսին մասնակից ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանն էլ իր հերթին ասաց, որ իշխանության մեջ կան մարդիկ, ովքեր մտածում են` երկխոսության հետևանքով կարող են իրենց պաշտոնը կորցնել, այդ պատճառով էլ չեն ցանկանում շարունակել երկխոսությունը: «Եթե երկխոսությունը շարունակվի, ապա դրա միջոցով կստեղծվի մի այնպիսի համակարգ, որ օրինակ կփոխի ներկայիս կառավարությունը, ոստիկանության համակարգը, Ազգային ժողովի 70 տոկոսը…»,- ասաց նա` միևնույն ժամանակ չցանկանալով կոնկրետ անուններ տալ:
Ըստ Հ. Իգիթյանի, նույնիսկ մեկ զանգով հնարավոր է լուծել Տ. Առաքելյանի խափանման միջոցը փոխելու հարցը. «Նույնիսկ Ռ. Պետրոսյանի զանգով հնարավոր է ազատ արձակել նրան»:
ՀՀՇ վարչության անդամի կարծիքով` երկխոսությունն անհրաժեշտ է ավելի շատ իշխանությանը, քան` ընդդիմությանը: «Հայաստանը կորցրել է իր հեղինակությունը: Հայկական դիվանագիտությունը տանուլ է տալիս գրեթե բոլոր հարցերում` հայ-թուրքական, Ղարաբաղյան հարց, կտրուկ աճել է նաև արտագաղթը: Եթե իշխանությանը մտահոգում է երկրի ապագան և չի մտահոգում իշխանությունը պահելու հարցը, ապա իշխանությունը կարող է փոխել Տ. Առաքելյանի խափանման միջոցը և շարունակել երկխոսությունը»,- ընդգծեց Իգիթյանը:
Անդրադառնալով երկխոսությունն առկախելուց հետո Կոալիցիայի հայտարարությանը, որտեղ ՀԱԿ-ին անվանել էին ստախոս, Ռ. Պետրոսյանն ասաց, որ այդպիսի մեղադրանքներ միշտ էլ եղել են. «Զուրաբյանն էլ կոալիցիային էր ստախոսներ անվանել, այնպես որ ժողովուրդն ասում է «Կռվի մեջ փլավ չեն բաժանում», հետևաբար իրար մի բան պետք է ասեն»:
Այնուամենայնիվ, երկու բանախոսներն էլ հույս հայտնեցին, որ երկխոսությունը դեռ կշարունակվի, քանի որ այլ տարբերակ չկա: