ՀԱԿ-ը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցիչների հետ
31/01/2012 20:26

ՀԱԿ-ը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցիչների հետ

Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանն այսօր հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ընտրությունների դեպարտամենտի փոխղեկավար Նիկոլա Շմիդտի և ընտրությունների խորհրդատու Ռաուլ Լուչիան Մուրեշանի հետ:

Հյուրերը տեղեկացրել են, որ իրենց այցելության նպատակը առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության անհրաժեշտության ու նպատակահարմարության մասին ԵԱՀԿ ղեկավարությանը զեկուցելն է: Պաշտոնական Երևանի համապատասխան հրավերից հետո ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը որոշում է կայացնելու դիտորդական առաքելության կազմի և ժամկետների մասին:

Զրուցակիցներն անդրադարձել են ընտրությունների օրինականության ապահովման հարցում դիտորդական առաքելության գործունեությանը: Դրական գնահատելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների մասնագիտական պատրաստվածությունը, Լ. Զուրաբյանը հաստատել է Հայ Ազգային Կոնգրեսի ցանկությունը ընտրություններին հնարավորինս մեծ դիտորդական առաքելության ժամանման հարցում: Նա նաև ներկայացրել է ընտրական գործընթացի` Կոնգրեսի կողմից պատրաստած բարեփոխման պլատֆորմը:

Հանդիպմանը մասնակցել են նաև Կոնգրեսի Կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Ավետիս Ավագյանը և Վլադիմիր Կարապետյանը:
Տեղեկացնում են ՀԱԿ-ից։