27/04/2012 16:11
Հաշմանդամների համար ևս կստեղծվեն բոլոր անհրաժեշտ պայմանները
Առաջիկա ընտրություններին ընդառաջ կարևորվում է ցանկացած քաղաքացու մասնակցությունը. Առանձնահատուկ միջոցներ են ձեռնարկվել, որպեսզի հաշմանդամություն ունեցող քաղաքացիները ևս իրազեկված լինեն և մասնակցեն ընտրություններին: Այս մասին այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպման ժամանակ ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Նրա հավաստմամբ` հաշմանդամ մարդկանց շատ խնդիրներ աստիճանաբար լուծվում են: Մասնավորապես` վատ տեսողություն ունեցող քաղաքացիների համար ուղեցույց-ձեռնարկ է տպագրվել:
ԿԸՀ-ի շուտով գործարկվելիք կայքում ևս կգործի թույլ տեսնող քաղաքացիների համար նախատեսված բաժին: Կայքի այդ բաժնում տեղադրվելու է ընտրական ողջ գործընթացի մասին լիրաժեք տեղեկատվություն: Բացի այդ, մինչև առաջիկա ընտրությունները ավելի քան 500 տեղամասեր կկահավորվեն նշված ոսպնյակներով, ինչը տեսողության հետ խնդիրներ ունեցող քաղաքացիներին հնարավորություն կտա ավելի հեշտ ընթերցել քվեաթերթիկը:
Տ. Մուկուչյանի հավաստմամբ` աշխատանքներ են կատարվել նաև լսողության հետ խնդիրներ ունեցող քաղաքացիների համար: Մասնավորապես` գովազդային նյութերը պատրաստվել են համապատասխան (սուրդո) թարգմանությամբ: Անդրադառնալով ընտրատեղամասերի` հաշմանդամների համար նախատեսված համապատասխան հարթակներով կահավորված լինելուն, նա նշեց, որ այս ուղղությամբ ևս աշխատանքներ են տարվում, սակայն հանրապետության 1982 ընտրատեղամասեր միանգամից կահավորելն անհնար է, բայց, այս ընտրություններին կահավորված ընտրատեղամասերն ավելի շատ կլինեն: