15/05/2012 12:18
«DIY» ակումբը դաշնակցականնե՞ր են պայթեցրել
Այսօր «DIY» ակումբի սեփականատեր Արմինե Օգանեզովան (Ծոմակ) հանդես եկավ հայտարարությամբ, որ իր ակումբը պայթեցնելու մեջ մեղավոր են դաշնակցական կուսակցության ներկայացուցիչները: «Եվս մեկ անգամ շեշտում եմ, մեր ակումբը համասեռականների ակումբ չի եղել, եղել է բոլոր մարդկանց համար, ես չեմ կարող ստուգել, ինչ մարդ է մտնում իմ ակումբ, դա թող մեզ չհետաքրքրի: Ես նախօրեին գնացել էի Թուրքիա և ներկա եմ գտնվել միասեռականների փառատոնին, որովհետև անձամբ ինձ հետաքրքիր էր: Հետո Երկիր Մեդիա հեռուստանըկերությունից ինձ խաբեցին, ասեցին, որ ուզում են ուղղակի դրա մասին գրել, բայց հետո աղավաղեցին իմ խոսքը և իմ տված հարցազրույցից հետո է եղել այդ պայթյունը: Ես ինձ խաբված եմ զգում և պետք է նաև այս հարցը բարձրացնել դատարանում»,-ասաց նա:
Ակումբի սեփականատիրոջ խոսքով, իրենք բավականաչափ փաստեր ունեն, որոնց մի մասը շուտով ևս կներկայացվի դատարան: Իսկ մինչ այդ տեղի է ունեցել դատարանի առաջին դռնփակ նիստը, որի ժամանակ որոշում է կայացվել ազատ արձակել ձերբակալվածներին:
«Նրանց ազատ արձակելու համար միջնորդել են դաշնակցականներ Արծվիկ Մինասյանը և Հրայր Կարապետյանը: Հենց նրանց անունները տրվեցին, ինչ-որ բան փոխվեց: Մյուս փաստաբանը ևս դաշնակցական էր: Դատավորը ի սկզբանե եկել էր նրանց ազատ արձակելու որոշմամբ»,-ասաց նա:
Արմինե Օգանեզովան ասաց, թե ինքը այժմ վախենում է իր անվտանգության համար, որովհետև Facebook-ում հայտնվել են իրեն ահաբեկող բազմաթիվ նկարներ: «Սա շատ պարզ ֆաշիստական երիտասարդների խումբ է, որը կազմված է երեսուն-քառասուն հոգուց: Ես ստանում են նկարներով սպառնալիքներ, որ մեզ վառելն էլ ա քիչ, սրա դեմքը լավ հիշենք: Մարդիկ կային, ովքեր ինձ ատում էին, և այդ պայթյունը ուղղված էր նաև իմ նկատմամբ: Եթե նրանց ազատ են արձակել, թող իմ անվտանգության համար էլ քայլեր ձեռնարկվեն»,-ասաց նա: