Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Թիան Չանչունին
06/06/2012 16:40

Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Թիան Չանչունին

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին:

Չինաստանի դեսպանը Հովիկ Աբրահամյանին փոխանցեց ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Ու Բանգոյի շնորհավորական ուղերձը` ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Դեսպանի համոզմամբ` Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման տարիներին ավելի կամրապնդվեն և կզարգանան հայ-չինական հարաբերությունները, կակտիվանա միջխորհրդարանական գործակցությունը:

Դեսպանը նշեց, որ այս տարի լրանում է Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը և ԱԺ նախագահին հայ-չինական 20-ամյա հարաբերությունների մասին պատմող գիրք նվիրեց:

ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ,  ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է տարբեր ոլորտներում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումը:

«Հասարակական, քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնումն ու խորացումը նպաստում են Հայաստանի և Չինաստանի միջև փոխգործակցության ամրապնդմանն ու երկու հասարակությունների միջև շփումների ակտիվացմանը»,- ասաց ԱԺ նախագահը:

Պարոն Աբրահամյանը պատրաստակամություն հայտնեց` առավելագույնս նպաստելու հայ-չինական հարաբերությունների, մասնավորապես միջխորհրդարանական կապերի ամրապնդմանն ու զարգացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Թիան Չանչունին