Այսօր Սրտի համաշխարհային օրն է
29/09/2012 09:16

Այսօր Սրտի համաշխարհային օրն է

Այսօր սրտի համաշխարհային օրն է: Երբ 1999 թվականին Սրտի միջազգային ֆեդերացիան առաջարկեց նշել այս օրը, նրա նախաձեռնությունը խրախուսեցին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և այլ հեղինակավոր կառույցներ: Օրացույցային նոր ընդգրկման նպատակն էր մեկ անգամ ևս հանրության ուշադրությունը հրավիրել սիրտ-անոթային և իշեմիկ հիվանդությունների վտանգավորության աստիճանի վրա:

Կա տխուր վիճակագրություն այն մասին, որ ամեն տարի շուրջ 17 միլիոն մարդ է մահանում սրտային հիվանդությունների հետևանքով: Վերջին տարիներին սրտաբանական հիվանդությունների ճգնաժամային աճ է գրանցվել, ինչն առավելապես բնորոշ է զարգացող երկրներին` նախկին Խորհրդային հանրապետություններին և Արևելյան Եվրոպայի երկրներին: Այստեղ ապրելակերպի ու կենսապայմանների բազում խնդիրներ կան, հետևաբար աճում են սթրեսները, շաքարի քանակությունը: Ավելացել է դրանցով տառապող երիտասարդների թիվը:

Վաղաժամ սիրտ-անոթային մահերի 80%-ից կարելի է խուսափել, եթե՝ ասենք Ո՛Չ ծխելուն, ասենք Ո՛Չ յուղոտ և աղի սննդին,  օգտագործենք շատ միրգ և բանջարեղեն,  շատ շարժվենք՝ քայլենք, վազենք, հեծանիվ վարենք,  վերահսկենք զարկերակային ճնշումը

Ընդանուր տեղեկատվություն սրտի մասին. Սիրտը կոնաձև սնամեջ մկանային օրգան է, որը աշխատում է որպես պոմպ և արյունը մղում է բաշխիչ ցանց` արյունատար անոթներ: Մարդու սիրտը տեղակայված է կրծքավանդակի կենտրոնում, թոքերի միջև` թեքված մի փոքր դեպի ձախ: Այն ունի բռունցքի մեծություն և կշռում է 250-300 գրամից քիչ ավելի:

Այն գտնվում է շարակցահյուսվածքային թաղանթի` սրտապարկի մեջ: Յուրաքանչյուր կծկման ժամանակ սիրտը արտամղում է 60-75 մլ արյուն, իսկ 1 րոպեի ընթացքում /կծկվելով միջինը 70-75 անգամ/ արտամղում է 4-5լ արյուն: 70 տարվա ընթացքում սիրտը կատարում է ավելի քան 2,5 մլրդ կծկումներ և արտամղում է 225 մլն. լիտր արյուն:

Այսօր Սրտի համաշխարհային օրն է