.jpg)
Գերմանիան մեծ ուշադրությամբ կհետևի Վարդան Օսկանյանի գործին
«Վարդան Օսկանյանի գործը հատուկ դեպք է և մենք կհետևենք այս գործին մեծ ուշադրությամբ, թե ինչպիսի արդարադատություն կիրականացվի այդ գործի հետ կապված»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու հանգամանքին՝ ասաց ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը:
«Ես չգիտեմ, թե Օսկանյանը ինչ-որ սխալ բան արել է, թե ոչ, սա դեռևս ոչ-ոք չգիտի` դրա համար իրավասու է դատախազությունը, որը և պետք է ջրի երես հանի գործը»,-ասաց Ռ. Մորելը՝ ավելացնելով, որ Գերմանիայում գործում է անմեղության կանխավարկածը` գնահատական տրվում է այն ժամանակ, երբ մարդը դատարանի կողմից ճանաչվում է որպես մեղավոր, իսկ մինչ այդ գործում է անմեղության կանխավարկածի սկզբունքը:
Դեսպանի խոսքերով, մյուս սկզբունքը ենթադրում է, որ դատախազությունը պետք է ոչ միայն այդ մարդուն մեղադրանքներ ներկայացնի, այլ նաև արդարադատ կերպով ներկայացնի այդ մարդուն արդարացնող սկզբունքները:
«Վարդան Օսկանյանը պետք է հնարավորություն ունենա ներկայացնել ամբողջ կատարվածը դատախազությանը, թե ինչպես են ծախսվել այդ գումարները»,-ասաց դեսպանը՝ նշելով, որ Օսկանյանը շարունակում է մնալ հասարակական կյանքում կարևոր անձնավորություն: