«Վարդան Օսկանյանի գործը լինելու է ԵԽԽՎ ուշադրության կենտրոնում»
09/10/2012 11:06

«Վարդան Օսկանյանի գործը լինելու է ԵԽԽՎ ուշադրության կենտրոնում»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության լրատվական ծառայությունը տեղեկատվություն է տարածել, որտեղ ներկայացված է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ԲՀԿ անդամներ Նաիրա Զոհրաբյանի և Վահե Հովհաննիսյանի հայտարարությունը:

Հայտարարության մեջ ասվում է. «Հոկտեմբերի 2-5-ը որպես ԵԽԽՎ պատգամավորներ մասնակցելով ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին` տեղեկացնում ենք, որ ԵԽԽՎ բազմաթիվ պատգամավորներ և ղեկավար կազմի անդամներ լրջորեն մտահոգված են Վարդան Օսկանյանի գործով, և մեզ հետ հանդիպումներում իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն ու ԲՀԿ անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին: ԵԽԽՎ բոլոր քաղաքական խմբերին և ազգային պատվիրակություններին տրամադրվել է համապատասխան փաթեթ, տեղյակ է պահվել գործի մանրամասներին, ինչին, ի դեպ, վերջններս արդեն իսկ որոշակիորեն տեղեկացված էին Հայաստանում հավատարմագրված իրենց դեսպաններից, եւ մենք ստացել ենք լրջագույն երաշխիքներ առ այն, որ այս գործը լինելու է ԵԽԽՎ ուշադրության կենտրոնում: Մեզանից, որպես ԵԽԽՎ պատգամավորների, խնդրել են Վարդան Օսկանյանի գործի հետ կապված յուրաքանչյուր զարգացման դեպքում օպերատիվ կերպով տեղեկացնել ԵԽԽՎ-ին` խոստանալով նույնքան օպերատիվ արձագանք:

Ավելին, ԵԽԽՎ տարբեր պաշտոնյաների հետ քննարկումների արդյունքում մենք հայտարարում ենք, որ պատրաստ ենք ցանկացած պահի ԵԽԽՎ պատվիրակության կազմում մեր տեղը զիջել Վարդան Օսկանյանին` հասկանալով, որ ԵԽԽՎ պատգամավոր լինելը ԵԽ անդամ երկրի պատգամավորին օժտում է լրացուցիչ որոշ անձեռնմխելիությամբ:

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ԲՀԿ անդամներ
Նաիրա Զոհրաբյան
Վահե Հովհաննիսյան»:
 

«Վարդան Օսկանյանի գործը լինելու է ԵԽԽՎ ուշադրության կենտրոնում»