.jpg)
Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարում է իր առաջադրման մասին
«Այսօր ես հայտարարում եմ առաջիկա նախագահական ընտրություններում իմ մասնակցության մասին»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Հավաքական թեկնածության հայտի մասնակցության հրավեր եմ հղում Հայաստանի շարքային քաղաքացիներին, մտավորականներին, երիտասարդներին, հանրային հոսանքների ակտիվիստներին, իրավունքների պաշտպաններին և քաղաքական կուսակցություններին, ովքեր հավատում են, որ մեր երկիրը մեկի կուսակցասեփականություն չէ, այլ Հայաստանի Հանրապետություն»,- նման կոչ հնչեցրեց նա:
Ր. Հովհաննիսյանն ակնկալում է այն ուժերի ու մարդկանց աջակցությունը, ովքեր գիտակցում են ազգային շահի իրացման, հետապնդման և հռչակման անհրաժեշտությունը շատ կարևոր ժամանակահատվածում և նրանց, ովքեր գիտակցում են, որ հայրենիքի ու հողի հետ միասին արժեք է նաև մարդը:
«Եթե առաջիկա ընտրությունները լինեն 1991 թվականից այս կողմ առաջին անգամ ազատ, արդար ընտրություններ, Հայաստանը կունենա նոր նախագահ, կամ նվազագույնը` լուրջ մրցակցություն: Իսկ եթե չեղան, ես պատրաստ եմ մեր քաղաքացիական պայքարը տանել մինչև ժողովրդին պատկանող, ժողովրդին վայել հաղթանակ»,- ընդգծեց նա:
«Ես մեկ անգամ եմ լինելու նախագահի թեկնածու և այլևս` երբեք»,- ամփոփեց իր խոսքը նախագահի թեկնածուն: