.jpg)
«Ադրբեջանը աշխարհի քարտեզի վրա հայտնվել է միայն 1918 թվականին»
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը մեկնաբանություն է տարածել` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «Ենի Ադրբեջան» կուսակցության 20-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ հնչեցրած հայտարարության վերաբերյալ:
«Այդպիսի ռասիստական գաղափարախոսությամբ, պատմության այդպիսի անսանձ այլասերմամբ ու հարևան պետությունների տարածքների նկատմամբ ծիծաղելի նկրտումներ ունեցող Ադրբեջանը, երևի թե, հնարավորություն ունենար իր գոյությունը պահպանել վաղ միջնադարում:
Սակայն Ադրբեջանը աշխարհի քարտեզի վրա առաջին անգամ հայտնվել է միայն 1918 թվականին: Բաքվում այդպես էլ չեն հասցրել հասկանալ, որ ժամանակակից պետության ուժը կառուցված է սեփական ազգի նկատմամբ տածած սիրո, այլ ոչ թե տարածաշրջանի բնիկ ազգությունների և նրանց մշակութային-պատմական ժառանգության հանդեպ ունեցած ատելության վրա»,- նշել է Շ. Քոչարյանը:
Հիշեցնենք, որ Ի. Ալիևը հայտարարել էր, թե «Հայաստանը հին ադրբեջանական տարածքների վրա արհեստականորեն ստեղծված, արտերկրից կառավարվող տարածք է, իսկ հայկական լոբբին մեր հիմնական թշնամին է»: