.jpg)
«Աչքերիս առջև քանդվեց հայրենի քաղաքս...»
Այսօր` դեկտեմբերի 7-ին, և րոպեներ անց` 11:40-ին, կլրանա վերջին տարիներին Հայաստանի համար ավերիչ դարձած երկրաշարժի 24 տարին:
Ու թեև տարիներ են անցել, սակայն այդ սարսափելի օրն ու դրան հաջորդած օրերը դեռ չեն սպիացել շատ-շատերի համար, և շատերն իրենց մտորումներով, հիշողություններով կիսվում են նաև իրենց ֆեյսբուքյան էջում:
Այսպես` «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում նման գրառում է կատարել ՀՀԿ պատգամավոր Նաիրա Կարապետյանը:
«Բարեկամներիցս, դասարանցիներիցս, ընկերներիցս ու ծանոթներիցս շատերին այլևս չտեսա... Չվերադարձա իմ հարմարավետ սենյակ, մեր բակում քույրիկիս հետ միասին էլ երբեք չխաղացինք մեր ընկերների հետ: Մեր տունը էլ չկար:
Մինչ օրս ականջիս լսվում է խուլ հառաչանք, որ պատել էր դեռսև րոպեներ առաջ գեղեցկուհու հպարտ կեցվածքով մի քաղաքի՝ Ալեքսանդրապոլ, Գյումրի, Լենինական:
Ճակատագրի հեգնանք էր գուցե՝ աշխարհագրության դասագիրքը ձեռքումս սովորում էի երկրաշարժերի դասը:
Շնորհակալ եմ Աստծուց, որ խնայեց հարազատներիս: Անչափ շնորհակալ եմ:
24 տարի է անցել, իմ քաղաք: Գյումրի ես դարձել: Մի գուցե ավելի ժամանակակից և գեղեցիկ ես, սակայն կարոտում եմ քեզ՝ հպարտ գեղեցկուհու կեցվածքով իմ հին քաղաքին... Մի երազանք ունեմ՝ ուզում եմ ժպիտդ այլևս քեզ չլքի... Չհառաչես... Չկոտրվես... Հին է անունդ, բայց թուրքական տարր ունի, ուզում եմ կոչվես Ալեքպոլ... Ուզում եմ նոր անվանմամբ նոր կյանք բացվի... Բայց սա դեռ երազանք է:
Ծաղկի՛ր, հարազատս, Աստված քեզ պահապան...»