Հովհաննիսյան. Ծառուկյանը սպառնալիք է իշխանությունների համար
07/12/2012 18:11

Հովհաննիսյան. Ծառուկյանը սպառնալիք է իշխանությունների համար

Ընդդիմությունը վերջնականապես չի պարզաբանել, թե նախագահական ընտրություններին մասնակցելու ո՞ր ձևաչափն է իր համար նախընտրելի՝ միասնական թեկնածուո՞վ, թե՞ առանձին թեկնածուներով հանդես գալու ձևաչափը, որը երկրորդ փուլի հնարավորություն կստեղծի: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ներքաղաքական գործընթացներին և առաջիկա նախագահական ընտրություններին՝  նշեց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

Ընդդիմադիր քաղաքական ուժերի միջև, Հ. Հովհաննիսյանի կարծիքով, գոյություն ունեն լուրջ հակասություններ, ուստի միասնական թեկնածուով հանդես գալու դեպքում՝ ընդդիմությունը կունենա ընտրազանգվածի կորուստներ:

Նա խոսեց օրինակներով. «Եթե, օրինակ, ՀԱԿ-ը պաշտպանի ԲՀԿ-ի թեկնածուին որպես միասնական թեկնածու, ապա նրանց կողմնակիցների մի զգալի մասը կամ չի գնա ընտրությունների, կամ իշխանությունների հետ կմտնի գործարքի մեջ, որովհետև սկզբունքային դիրքերից ընտրություններին մասնակցելու մոտիվացիա չի ունենա»:

Միասնական թեկնածուվ հանդես գալու դեպքում, ինչպես ասաց Հովհաննիսյանը,  երկրորդ փուլի հնարավորությունը էապես կնվազի: Բայց, եթե յուրաքանչյուր քաղաքական ուժ հանդես գա իր թեկնածուով, ապա առանձին վերցրած` կմոբիլիզացվեն նրանց ընտրազանգվածները, որն էլ կմեծացնի երկրորդ փուլի հավանականությունը:

«Մեզանում ընտրությունները անհատականությունների, գաղափարական առաջնորդների ու ծրագրերի պայքար չէ, այլ` ռեսուրսների պայքար: Մեզանում ընտրությունները կազմակերպելու վրա է: Այս իմաստով Գագիկ Ծառուկյանը՝ որպես լրջագույն ռեսուրսներ ունեցող անձ, լուրջ սպառնալիք է իշխանությունների համար»,- ասաց Հ. Հովհաննիսյանը:

Անդրադառնալով ՀԱԿ-ԲՀԿ միասնական ձևաչափով ընտրությունների մասնակցելու հավանականությանը՝ քաղաքագետը նշեց, որ եթե տեղի ունենա դերերի բաժանում, այսինքն՝ ՀԱԿ-ը վերադարձնի փողոցի նկատմամբ իր վերահսկողությունը, և մյուս կողմից ՀԱԿ-ի այդ ունակություններին բազմապատկվեն ԲՀԿ-ի նյութական ռեսուրսները, ապա դա ընդդիմությանը հնարավորություն կտա «ընդդեմ» սկզբունքով և միասնական ձևաչափով ընտրություններ կազմակերպել:

Շարունակելով խոսքը` Հ. Հովհաննիսյանն ասաց, որ  Գագիկ Ծառուկյանը կոպրոմիսային ֆիգուր է իր էությամբ և խառնվածքով. «Եթե խնդիր է դրվում այդ ձևաչափով հեղափոխական ալիք բարձրացնել, ապա Գագիկ Ծառուկյանը, ի տարբերություն Լևոն Տեր-Պետրոսյանի, այլ կերպար է, և արդյոք չի՞  առաջանա խզում իր այդ կերպարի և այն խնդրի միջև, որ իր առջև կծառանա այդ միասնական ձևաչափի որդեգրման դեպքում»:

Հովհաննիսյան. Ծառուկյանը սպառնալիք է իշխանությունների համար