.jpg)
«Կոնգրեսի համար, թերևս, շատ կարևոր է զուտ մասնակցությունը»
«Բարգավաճ Հայաստանի» կողմից նախագահի թեկնածուի չառաջադրումը նոր հնարավորություններ և պարտավորություններ է բացում Հայ ազգային կոնգրեսի համար, որը պետք է հստակեցնի իր մասնակցության ձևաչափը ընտրություններին: Այս մասին ասաց «Կովկաս» իստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
ՀԱԿ-ը, նրա խոսքով, ընտրելու երեք տարբերակ ունի` կամ չմասնակցել ընտրություններին, կամ մասնակցել ինքնուրույն` առաջադրելով Լևոն Տեր-Պետրոսյանին, կամ էլ` առաջադրել որևէ նոր առաջնորդի:
«Առաջինի դեպքում քաղաքական ուժը, ինչպես հատուկ է բոլոր ընդդիմադիրներին, հանդես կգա «մերկացնող» հայտարարություններով, կրկին կխոսի ընտրությունների կեղծ լինելու մասին և դրանով պայմանավորված` չմասնակցելու: Սա նորմալ քայլ է: Մյուս դեպքում, եթե առաջադրվի ՀՀ առաջին նախագահը, նա կարող է որոշ ձայներ ստանալ նաև «Բարգավաճ Հայաստանի» համակիրներից և հավաքել խորհրդարանական ընտրություններից ավելի քվե»,- ասաց Ալ. Իսկանդարյանը:
Շարունակելով խոսքը` քաղաքագետն ասաց, որ այսօրվա դրությամբ անհնար է, որ ՀԱԿ-ի թեկնածուն հավաքի 51 տոկոսից ավելի ձայն:
«Կոնգրեսի համար, թերևս, շատ կարևոր է զուտ մասնակցությունը»,- եզրափակեց իր խոսքը քաղաքագետը: