.jpg)
Աբրահամյանը` Ռուստամյանին.Ես ձեզ լավ տեղ կհրավիրեմ, որ հանգստանաք
Այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ՀՀԿ պատգամավորներ Դավիթ Հարությունյանը և Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որը կառավարությունը հրատապ կարգով է ներկայացրել ԱԺ, և որով էթիկայի հանձնաժողովում առաջարկվում է փոփոխություն մտցնել:
Ներկայացնելով փոփոխությունների անհրաժեշտությունը` Ա. Հովհաննիսյանն ասաց, որ ներկայումս էթիկայի հանձնաժողովում տեղերը բաշխվում են հավասարության սկզբունքով, սակայն պետք է բաշխել` ըստ քաղաքական ուժերի համամասնության:
«Էթիկայի հանձնաժողովը չպետք է լինի քաղաքական մարմին, և այնտեղ պետք է ներկայացված լինի քաղաքական դաշտի ողջ ներկապնակը»,- ասաց Ա. Հովհաննիսյանը:
Ձայնի իրավունք ունենալով` Ա. Հովհաննիսյանին հարց ուղղեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը. «Չլինելով էթիկայի հանձնաժողովի անդամ՝ Դուք ինչպե՞ս է, որ համահեղինակ եք այս նախագծին»:
Ի պատասխան` Ա. Հովհաննիսյանը հայտարարեց, որ ինքը պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է: Ա. Մինասյանն էլ նկատեց, որ նույն պետաիրավական հանձնաժողովում նշյալ հարցը չի քննարկվել. «Անձնական վրեժխնդրության հողի վրա եք բերում այս նախագիծը»:
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ միջամտեց և ասաց, որ նման հրատապությամբ կառավարությունը փորձում է փոփոխել ԱԺ երկարատև աշխատանքի արդյունքը, ինչին էլ արձագանքեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը. «Պարոն Ռուստամյան, ի՞նչ է նշանակում Ձեր հարցը: Հանրապետական խմբակցությունը հարցը քննարկել է և դիմել է կառավարություն, Ձեր ի՞նչ խնդիրն է՝ ով կզեկուցի, ով չի զեկուցի: Ինչո՞ւ է Ձեզ թվում, որ հարցը չի քննարկվել: Եվ հետո մի բան էլ` Դուք օրիորդի հետ եք խոսում, խնդրում եմ կոռեկտ լինել… Ես ձեզ մի լավ տեղ կհրավիրեմ, որ հանգստանաք»: