Հայաստանը մասնակցել է ՍԾՏՀ ԱԳ նախարարների նիստին
17/12/2012 13:31

Հայաստանը մասնակցել է ՍԾՏՀ ԱԳ նախարարների նիստին

Դեկտեմբերի 15-ին Ստամբուլում, հռչակավոր հայ ճարտարապետներ Սարգիս և Գրիգոր Պալյանների կողմից կառուցված Ադիլե Սուլթան պատմական պալատում տեղի ունեցավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ-երկրների Արտաքին գործերի նախարարների խորհրդի 27-րդ հանդիպումը, որին նախորդեց կազմակերպության Ավագ պաշտոնյաների կոմիտեի երկօրյա նիստը: Այս մասին հաղորդում են ԱԳՆ մամլո ծառայությունից:

Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում էր և ելույթով հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:

ՀՀ փոխարտգործնախարարն իր ելույթում նշեց, որ ՍԾՏՀ կազմակերպությունը թևակոխել է իր 21-րդ տարին տնտեսական համագործակցության նոր օրակարգով և հանրային հաղորդակցման նոր ռազմավարությամբ` տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը խթանելու, կազմակերպության արդյունավետությունն ամրապնդելու և 21-րդ դարի մարտահրավերներին դիմակայելու նպատակով:

Հանդիպման ավարտին ՍԾՏՀ-ում նախագահությունը Թուրքիայից փոխանցվեց Ուկրաինային, որը կնախագահի 2013թ. առաջին կեսին:

Այցի շրջանակներում փոխարտգործնախարար Հովակիմյանը հանդիպում ունեցավ ՍԾՏՀ դիտորդ երկիր` Խորվաթիայի փոխարտգործնախարար Յոշկո Կլիսովիչի հետ, որի ընթացքում քննարկվեցին միջազգաին կառույցներում երկու երկրների համագործակցության խնդիրները:

 

Հայաստանը մասնակցել է ՍԾՏՀ ԱԳ նախարարների նիստին