Նաիրա Զոհրաբյան. «Նրանք առանձնազրույցի իրավունք ունեն»
17/12/2012 12:59

Նաիրա Զոհրաբյան. «Նրանք առանձնազրույցի իրավունք ունեն»

«Երեկ ամբողջ օրը ինձ զանգահարում ու այլ հարցեր էին տալիս, փոխանակ տրամաբանական հարց տային՝ ինչպե՞ս է հնարավոր ժողովրդավար արժեքներ դավանող երկրում նման բան: Ինձ համար դա նույնն է, ինչ դռան հետևից լսել երկու անձանց խոսակցությունը»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով նախօրեին գաղտնազերծված Լևոն Զուրաբյան-Վարդան Օսկանյան առանձնազրույցին,  հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Շարունակելով խոսքը` պատգամավորն ասաց, որ չի լսել ու չի էլ պատրաստվում լսել այդ ձայնագրությունը, քանի որ հարգում է թե՛ Լ.Զուրաբյանին, թե՛ Վ.Օսկանյանին, ովքեր «իրավունք ունեն առանձնազրույց ունենալու». «Ես կոչ կանեի լրատվամիջոցներին ուղղակի չանդրադառնալ դրան, նաև քաղաքական գործիչներին, որպեսզի որևէ մեկը չմեկնաբանի այդ երևույթը, որով ինչ-ինչ խնդիրներ են լուծվում»:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե իր կարծիքով, ինչ նպատակ է հետապնդել գաղտնազերծումը, Ն.Զոհրաբյանը ասաց, թե չի կարող ասել որն է, բայց հստակ է մեկ բան՝ իրավապահ համակարգը պետք է անպայման զբաղվի սրանով. «37 թվականի մեթոդներով լուծել քաղաքական խնդիրները հակասում է բոլոր այն հայտարարություններին, որոնք հատկապես վերջին օրերին լսում ենք քաղաքական տարբեր ամբիոններից»: 

Հիշեցնենք, որ նախօրեին համացանցում է հայտվել ԱԺ ՀԱԿ և ԲՀԿ  պատգամավորներ Լևոն Զուրաբյանի ու Վարդան Օսկանյանի առանձնազրույցը սրճարանում: 

Նաիրա Զոհրաբյան. «Նրանք առանձնազրույցի իրավունք ունեն»