.jpg)
ԲՀԿ-ի որոշումը ազդեցություն չի թողել «Ժառանգության» որոշման վրա
«ԲՀԿ-ի հարգարժան որոշումը որևէ ազդեցություն չէր կարող թողնել «Ժառանգության» որոշման վրա՝ կուսակցության ղեկավարը հստակ հայտարարել է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին և գալիք նախագահական ընտրություններին` ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ ԲՀԿ-ն ինքնուրույն քաղաքական ուժ է և կարող է ընդունել ցանկացած որոշում, սակայն իր համար անհասկանալի է, որ նրանք ընտրություններին որևէ մեկին չեն սատարում և, այսպես ասած, թևաթափ են մասնակցելու նախագահական ընտրություններին:
«ԲՀԿ-ն թվաքանակով երկրորդ է ԱԺ-ում, և նրանց կողմից ընտրությունները բոյկոտելու որոշումը անհասկանալի է»,-ասաց Ա. Մարտիրոսյանը:
Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ՀՀԿ համագումարում հնչեցրած ելույթին` բանախոսն ասաց, թե իր համար այդ ելույթում ընդունելի էր բանակի, նոր սպառազինությունների ձեռք բերման, անվտանգության ապահովման հետ կապված հայտարարությունը:
«Ինձ համար անհասկալի էր փոքր և միջին բիզնեսի մասին արված հայտարարությունը: Ես գիտեմ մի շարք փոքր և միջին բիզնեսով զբաղվողների, ովքեր այս տարիներին սննկացան կամ արտագաղթեցին Հայաստանից»,-ասում է Մարտիրոսյանը:
Նրա խոսքերով, ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի համար պետք է ունենալ քաղաքական կամք, իսկ կոռուպցիան ՀՀ-ում ունի համակարգային բնույթ և այդ երևույթի դեմ պայքարը պետք է շարունակել:
Ըստ նրա, երկրում դեռևս չեն իրականացվում իրական բարեփոխումներ, կան որոշակի իմիտացիոն քայլեր, այդ թվում օրենսդրական դաշտում:
Ա. Մարտիրոսյանը ասում է, որ ՀՀԿ համագումարին խոսվում էր ապահով Հայաստանի մասին, սակայն ապահով երկրից այս մեծ տեմպերով չեն արտագաղթում. արտագաղթի տեմպերը մտահոգիչ են: