.jpg)
Լրատվամիջոցները պետք է վերահսկվեն օրենքով
ՀՀ հանրային խորհրդը պետք է ուշադրություն դարձնի լրատվամիջոցներում պոռնոգրաֆիկ բնույթի նյութերի տեղադրման արգելքի իրականացման վրա: Պետք է տուգանել բոլոր այն ԶԼՄ-ներին, որոնք նման ճանապարհով աշխատում են բարձրացնել իրենց վարկանիշը: Նման մտահոգություն հայտնեց ասուլիսի ժամանակ ռեժիսոր Արշակ Զաքարյանը:
Շարունակելով խոսքը` Ա. Զաքարյանն ասաց, որ ներկայում հայաստանյան կայքերի զգալի մասը փորձում է «ռասկրուտկա» լինել նման բնույթի նյութերի տեղադրմամբ. «Բացում ես սոցիալական էջը և տեսնում «եղբայրը քրոջ հետ սեռական հարաբերություն է ունեցել» վերնագրով նյութ: Կամ` հայկական մի լրատվամիջոց պատմում է, թե ինչպես մայր ու դուստր միասին նկարահանվում են պոռնո տեսանյութերում»,- ասաց նա` հիշատակելով մի քանի հայկական լրատվական կայքեր:
«Ի՞նչ անեմ, երեխաներիս տանեմ նկուղ, աչքերը փակեմ, որպեսզի կարողանամ ճիշտ դաստիարակե՞լ»,- հարցրեց ռեժիսորը:
Ասուլիսին մասնակից ազատամարտիկ Արթուր Եղիազարյանն էլ իր հերթին ասաց, որ նման լրատվամիջոցների հանդեպ ավելի խիստ մոտեցում է հարկավոր, այս դեպքում, նրա խոսքով, խոսքի ազատության մասին բարձրաձայնելն ավելորդ է:
«Պետք է արգելել լրատվամիջոցների նման գործունեությունը։ Պետք է պետության լուրջ միջամտությունը լինի այստեղ, քանի որ սա արդեն սանձարձակության պրոպագանդա է»,- ասաց նա:
Ամփոփելով խոսքը` բանախոսները նշեցին, որ դաշտը պետք է կարգավորվի օրինական միջոցներով, և վերահսկվի հանրության կողմից: