.jpg)
Գրողների միության նախագահը ամփոփում է 2012 թ-ն. Աննախադեպ տարի էր
«2012 թ. աննախադեպ բերքառատ տարի էր, և մենք մի քանի ուղղություններով ենք հաջողության հասել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը:
Լ. Անանյանի խոսքով, առաջինը գրքերի տպագրությունն է: «2012 թ. ընթացքում միջին հաշվով 2000 անուն գիրք է տպագրվել, որի 15%-ը եղել է գեղարվեստական գրականություն: Այլ խնդիր է, թե ինչ որակ կա, որովհետև մարդիկ կան, որ իրենց միջոցներով դեմոկրատիայի, շուկայական հարաբերությունների պայմաններում տպագրում են իրենց հուշագրությունները: Բայց պետք է նաև կարողանանք ընթերցողներին վերադարձնել: Գրողների միությունը այս տարի կազմակրեպել է 135 գրական միջոցառում, դրանք շնորհանդեսներ են, համաժողովներ, հանդիպումներ բանակի զորամասերում, դպրոցներում, բուհերում: Մեծ համագործակցություն է հաստատվել մեր երկրի գրադարանների հետ և մարզային մի շարք գրադարանների հետ»,-ասաց Լ.Անանյանը:
Նրա խոսքով, այս տարի առանցքը եղել է հայ գրատպության 500-ամյակը, որի ընթացքում ակտիվ համագործակցություն է հաստատվել պետական կառույցների, մասնավորապես, մշակույթի նախարարության հետ: «Գրականամերձ վայ-մտավորականները վայրահաչում են, որ մենք արդի գրականություն չունենք, այն ներկայանալի չի: Այս տարվա ընթացքում մենք մի ողջ գրադարակ գիրք ենք տպագրել` տարբեր լեզուներով: Մենք ունենք գրական կապեր տարբեր երկրների հետ, Գերմանիայի, Վրաստանի, Իրանի, Սլովակիայի հետ: Ինչպես նաև այս տարի սփյուռքահայ 80 գրող դարձել է Հայաստանի գրողների միության անդամ, ինչը կխթանի մեր և սփյուռքահայ գրողների միջև համագործակցությունը»,-ասաց Լ. Անանյանը: