Gallup. 49 տոկոս՝ Սերժ Սարգսյանին, 21 տոկոս՝ Գագիկ Ծառուկյանին
20/12/2012 14:56

Gallup. 49 տոկոս՝ Սերժ Սարգսյանին, 21 տոկոս՝ Գագիկ Ծառուկյանին

2013-ի փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին հասարակության 49 տոկոսը պատրաստվում է իր ձայնը տալ Սերժ Սարգսյանին, 21 տոկոսը՝ Գագիկ Ծառուկյանին, 6 տոկոսը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, 5 տոկոսը՝ Ռոբերտ Քոչարյանին, նույնքան՝ Րաֆֆի Հովհաննիսյանին, 3 տոկոսը՝ Վահան Հովհաննիսյանին, 2 տոկոսը՝ Արթուր Բաղդասարյանին և 1 տոկոսը՝ Վարդան Օսկանյանին:

Այս հարցումն անցկացվել է «Արմնյուզ» լրատվական հեռուսատալիքի նախաձեռնությամբ և Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի և Բալթյան հետազոտություններ՝ Gallup կազմակերպության կողմից իրակացվող նախընտրական հարցումների շրջանակում:

Նշենք, որ հարցումն անցկացվել է դեկտեմբերի 5-16-ը, երբ դեռ հայտնի չէր, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի առաջադրվում նախագահական ընտրություններում:

Հաջորդ հարցին, թե ո՞ր թեկնածուի համար երբեք չեք քվեարկի, հարցվածների 39 տոկոսը նշել է Լևոն Տեր-Պետրոսյանին, 16 տոկոսը՝ Արթուր Բաղդասարյանին, 12 տոկոսը՝ Ռոբերտ Քոչարյանին, 11 տոկոսը՝ Սերժ Սարգսյանին, 7 տոկոսը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին, 6 տոկոսը՝ Հովիկ Աբրահամյանին, 5-ը՝ Վարդան Օսկանյանին, 4-ը՝ Գագիկ Ծառուկյանին, 4-ը՝ Վահան Հովհաննիսյանին և 3 տոկոսը՝ Հրանտ Բագրատյանին:

Քաղաքացիներն այս կամ այն քաղաքական գործչի հանդեպ դրական վերաբերմունք ունեն այս կերպ՝ 72 տոկոսը դրական վերաբերմունք ունի Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, 61 տոկոսը՝ Սերժ Սարգսյանի, 49-ը՝ Ռոբերտ Քոչարյանի, 43-ը՝ Տիգրան Սարգսյանի, 43-ը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի և 34-ը՝ Վարդան Օսկանյանի նկատմամբ:

Gallup-ի ներկայացուցիչ դոկտոր Ռասա Ալիշաուսկիենեն ընդգծեց, որ միշտ չէ, որ մարդիկ ընտրում են այն թեկնածուներին, ում հանդեպ ամենից շատ դրական վերաբերմունք են զգում. «Դրական վերաբերմունք կարող են ունենալ այս կամ այն պատճառով, սակայն տվյալ մարդը միշտ չէ, որ կարող է լինել դրական թեկնածու»:

Վերադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի չառաջադրվելուն և իրեն պատրաստակամություն հայտնած քաղաքացիների քվեներին՝ նշվեց, որ Գագիկ Ծառուկյանի 21 տոկոս ձայնի 36 տոկոսը հնարավոր է գնա Սերժ Սարգսյանին, 13 տոկոսը` Ռոբերտ Քոչարյանին, 9 տոկոսը` Րաֆֆի Հովհաննիսյանին, 4 տոկոսը` Տեր-Պետրոսյանին, 18 տոկոսը` այլ:

Նշենք, որ հարցմանը մասնակցել է 1020 չափահաս մարդ, հարցումն անցկացվել է Երևանում և հանրապետության բոլոր մարզերում:
 

Gallup. 49 տոկոս՝ Սերժ Սարգսյանին, 21 տոկոս՝ Գագիկ Ծառուկյանին