.jpg)
Gallup. Թեժ ընտրապայքար ակնկալել պետք չի
Փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին կմասնակցի հարցվածների 42 %-ը, 36 % -ի մասնակցությունը կախված է առաջադրվող թեկնածուներից. ընտրություններին հասարակության ընդհանուր մասնակցությունը կկազմի 70 %:
Այս հարցումն անցկացվել է «Արմնյուզ» լրատվական հեռուսատալիքի նախաձեռնությամբ և Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի և Բալթյան հետազոտություններ՝ Gallup կազմակերպության կողմից իրակացվող նախընտրական հարցումների շրջանակում:
Հարցումների արդյունքում, ինչպես ներկայացվեց, պարզվել է, որ հարցվածների 36 %-ը չի հետաքրքրվում քաղաքականությամբ, 28 %-ը միջին հետաքրքրություն է ցուցաբերում, իսկ 36 %-ը շատ է հետաքրքրվում քաղաքականությամբ:
Նշենք, որ ընդհանուր հարցումները լինելու են 3-ը. առաջին հարցումն անցկացվել է 2012-ի դեկտեմբերի 5-ից 16-ը: Հարցումներն անցկացվել են 1020 չափահաս բնակչի շրջանում, Երևանում և հանրապետության բոլոր մարզերում:
«Հարցման նպատակն է՝ ներկայացնել հանրապետությունում նախագահական ընտրություններին ընդառաջ` հասարակական տրամադրությունների ստարտային իրավիճակը»,- ասաց Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի տնօրեն Գևորգ Պողոսյանը:
Նախագահական ընտրություններին ընդառաջ` Հայաստանում հանրային կարծիքի հարցման արդյունքները ներկայացրեց Gallup-ի ներկայացուցիչ դոկտոր Ռասա Ալիշաուսկիենեն:
Հարցին, թե ինչպե՞ս է փոփոխվել տնտեսական իրավիճակը Հայաստանում վերջին ամիսներին, հարցվածների 33 %-ը պատասխանել է՝ չի փոխվել, 27 %-ը՝ որոշ չափով լավացել է, իսկ մնացածը պատասխանել են՝ վատացել է:
Հարցին` կա՞ կուսակցություն, որը Ձեզ հոգեհարազատ է, հարցվածների 47 %-ը նշել է ՀՀԿ, 32 %-ը` ԲՀԿ, 6 %-ը` ՀԱԿ, 5 %` ՀՅԴ և այլն:
Պարզվել է, որ հարցվածների մեծ մասը քաղաքական անցուդարձին ծանոթանում է հեռուստատեսության լրատվական ծրագրերի միջոցով, այնուհետ՝ ընկերներից, բարեկամներից, ապա` ինտերնետից, ռադիոյից, թերթերից:
Ամփոփելով հարցման արդյունքները և ներկայիս քաղաքական իրողությունները՝ սոցիոլոգ Գ. Պողոսյանն ասաց, որ թեժ ընտրապայքար ակնկալել պետք չէ: