Ինձ գաղտնալսելու կարիքը չկա. Արամ Սարգսյանը խոսում է բացահայտ
21/12/2012 14:44

Ինձ գաղտնալսելու կարիքը չկա. Արամ Սարգսյանը խոսում է բացահայտ

«ՀՀ քաղաքական դաշտը բաժանվեց երկու մասի. Կա՛մ պետք է համաձայնես ՀԱԿ-ի հետ և ԲՀԿ-ի հետ համագործակցությանը, կա՛մ դու Սերժ Սարգսյանի կողմից ես: Ես մերժում եմ թե՛ Սերժ Սարգսյանին, թե՛ Ռոբերտ Քոչարյանին, թե՛ ԲՀԿ-ին, և նրանց հետ համագործակցելու խնդիր չունեմ»,- այսպես մեկնաբանեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը տարբեր քաղաքական ուժերի հետ համագործակցության մասին խոսակցությունները՝ կուսակցության համագումարի մեկնարկից առաջ՝ հիշեցնելով, որ ի սկզբանե դեմ է եղել ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությանը:

«Ինձ գաղտնալսելու կարիքը չկա. Ես իմ դեմ լինելն արտահայտել եմ հրապարակում՝ հարթակի վրա: Ես ընդհանրապես այն քաղաքական գործիչներից եմ, որ գաղտնիքներ չեմ պահում: Գաղտնալսումներ անելն ու դրանք հրապարակելը ես համարում եմ ԿԳԲ-ական, շպիոնական մեթոդներ, դա բարոյական չէ: Ես նույնիսկ տղայիս կողքին չեմ կանգնում, երբ նա խոսում է հեռախոսով. դա դաստիարակության խնդիր է»,- ասաց կուսակցության ղեկավարը։

Նշենք, որ «Հանրապետություն» կուսակցության համագումարին հրավիրվել են «Ժառանգություն» կուսակցությունից Րաֆֆի Հովհաննիսյանն ու Արմեն Մարտիրոսյանը, «Ազատություն» կուսակցությունից Հրանտ Բագրատյանը, «Հայրենիք և պատիվ» կուսակցությունից Պետրոս Մակեյանը, «Նոր ժամանակներից» Արամ Կարապետյանը, «Ազատ դեմոկրատներից» Ալեքսանդր Արզումանյանը, «Համաձայնություն» կուսակցությունից Դավիթ Շահնազարյանը և ուրիշներ: ՀՀՇ կուսակցության ներկայացուցիչներ համագումարին ներկա չէին:

Արամ Սարգսյանը բացատրեց՝ չեն հրավիրել, որպեսզի գործընկերներին անհարմար դրության մեջ չդնեն, քանի որ համագումարի ընթացքում հնչելու էին նաև քննադատական խոսքեր ՀՀՇ-ի հասցեին:
 

Ինձ գաղտնալսելու կարիքը չկա. Արամ Սարգսյանը խոսում է բացահայտ