.jpg)
Իրավիճակը կարող է փոխվել` կախված այլ թեկնածուների առաջադրումից
Հայաստանում «Gallup Organization»-ի հարցումներին վստահում են: Չնայած ըստ կազմակերպության ներկայացուցիչ Ռասա Ալիշաուսկենեի՝ նման խնդիր գոյություն ունի գրեթե բոլոր հետխորհրդային երկրներում: Այս մասին ընկերության ներկայացուցիչն ասել է News.am կայքի թղթակցի հետ զրույցում:
«Մենք դրան բախվում ենք շատ երկրներում, քանի որ խորհրդային շրջանում հասարակական կարծիքի հարցումներ չեն կատարվել: Հասարակությունը շատ քիչ բան գիտի այն մասին, թե ինչպես են անցկացվում սոցիոլոգիական հարցումները, ինչի հետ է դա կապված և ինչ են դրանք ցույց տալիս: Պետք է ժամանակ անցնի, որպեսզի մարդիկ համոզվեն նման հետազոտությունների անհրաժեշտության մեջ»,-ասաց Ալիշաուսկենեն, հավելելով, որ երբեմն խնդիրներ են ծագում քաղաքական հարցումներ անցկացնելիս, երբ այս կամ այն քաղաքական գործիչները ցածր տոկոսներ են ստանում:
«Այդպես է լինում ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի այլ երկրներում: Քիչ տոկոսներ ստացած քաղաքական գործիչները անվստահություն են հայտնում հարցման արդյունքներին, փոխանակ ինչ-որ քայլեր ձեռնարկեն իրենց վարկանիշը բարձրացնելու համար»,-ասաց նա:
Անդրադառնալով Հայաստանի նախագահի պաշտոնի հավակնորդների վարկանիշներին, այդ թվում 49 տոկոս ձայներին, որոնք կարող է ստանալ գործող նախագահը, Ալիշաուսկենեն նշեց, որ այդ ձայների տոկոսների հետագա ավելացումը կամ նվազումը կախված կլինի նրանից, թե կոնկրետ ովքեր կմասնակցեն նախագահական մրցավազքին: «Ներկա պահին Սերժ Սարգսյանը շատ առաջ է, սակայն իրավիճակը կարող է փոխվել կախված այլ թեկնածուների առաջադրումից»,-նկատեց նա: Գրում է News.am-ը:
Հարցին, թե կնվազե՞ն ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի շանսերը, հաշվի առնելով, որ արդեն այսօր ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը մտադրություն է հայտնել առաջադրել իր թեկնածությունը, Ալիշաուսկենեն ընդգծեց, որ իրավիճակը պարզ կլինի նախագահի բոլոր թեկնածուների առկայության դեպքում: «Լևոն Տեր-Պետրոսյանի և Հրանտ Բագրատյանի ընտրողներն իրար շատ նման են, քանի որ երկուսն էլ ներկայացնում են ՀԱԿ-ը, ուստի եթե եթե նույն քաղաքական ուժից լինի երկու թեկնածու, ապա նրանց կողմնակիցները ստիպված կլինեն ընտրել, հետևաբար այդ ուժի ձայները կկիսվեն»,-ամփոփեց նա:
Հիշեցնենք, որ Հայաստանում «Gallup Organization»-ի անցկացրած հարցման համաձայն, առաջիկա նախագահական ընտրություններում բնակչության 49 տոկոսն իր ձայնը կտա Սերժ Սարգսյանին, 21 տոկոսը՝ Գագիկ Ծառուկյանին, 6 տոկոսը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, 5 տոկոսը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին և 5 տոկոսը՝ Ռոբերտ Քոչարյանին:
Հարցվածների շարքում ընտրություններին մասնակցել ցանկացողներն ու չցանկացողների ձայները կիսվել են: Նրանց 1/3-ն ասել է, որ չի մասնակցելու ընտրություններին, 1/3-ն ասել է, որ հնարավոր է, մասնակցի ընտրություններին, ևս 1/3-ը հաստատել է, որ ցանկանում է մասնակցել ընտրություններին:
Հարցին, թե ում օգտին ոչ մի դեպքում ձայն չէիք տա, 39 տոկոսը տվել է Լևոն Տեր-Պետրոսյանի անունը, 16 տոկոսը՝ Արթուր Բաղդասարյանի անունը, 12 տոկոսը՝ Ռոբերտ Քոչարյանի անունը, 11 տոկոսը՝ Սերժ Սարգսյանի անունը:
Հիշեցնենք, որ հարցումն անցկացվել է դեկտեմբերի 5-14-ին, երբ դեռ հայտնի չէր որևէ թեկնածուի անուն: Հարցումների երկրորդ փուլը տեղի կունենա հունվարին, երբ հայտնի կլինեն նախագահի բոլոր թեկնածուները, իսկ երրորդ փուլը կանցկացվի փետրվարին: