.jpg)
«Հայաստանը պետք է հրաժարվի հայ-թուրքական արձանագրություններից»
«2015թ-ի Հայոց ցեղասպանության հարյուրամյակը ազդելու է հայ-թուրքական գործընթացի համար, իսկ Թուրքիան, ստորագրելով հայ-թուրքական արձանագրությունները, թույլ չտվեց, որ Հայաստանը և հայերը հասնեն արդյունքների՝ ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին և Միջին Արևելքում տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումներին` ասաց «Մոդուս-Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:
Նա նշեց, որ դեմ է հայ-թուրքական արձանագրություններին և Հայաստանը պետք է հետ կանչի իր ստորագրությունը արձանագրություններից:
«Ես դեմ չեմ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, սակայն այլ հենքի վրա»,-ասում է Պապյանը:
Նրա խոսքերով, տարածաշրջանում ակտիվանում է քրդական գործոնը, ինչպես նաև այլ պետականազուրկ ժողովուրդների ակտիվությունը՝ Հյուսիսային Կովկասում՝ չեչենները, Ադրբեջանում` լեզգիները, թալիշները փորձելու են ստեղծել սեփական պետականությունները:
«Ինքնավար Քրդստան պետությունը պետք է ստեղծվեր Սևրի պայմանագրի հիման վրա և անհնար է, որ բազմամիլիոնանոց քրդական ժողովուրդը չունենա սեփական պետություն»,-ասում է բանախոսը:
Նրա խոսքերով, պետք է փորձել Միջին Արևելքում տեղի ունեցող զարգացումները ծառայեցնել հայկական շահերին:Միջին Արևելքում Թուրքիայի ազդեցությունը զսպելու համար օգտագործվելու է հայկական, քրդական, ինչպես նաև սիրիական գործոնը. «Թուրքիան փորձում է նեոօսմանիզմի քաղաքականության համատեքստում վերականգնել և ուժեղացնել իր դիրքերը իսլամական աշխարհում և դառնալ այդ աշխարհի առաջնորդ»: