Ր.Հովհաննիսյան. «Հաջորդ նախագահությունը պետք է լինի ճարպազերծված, մկանուտ»
22/12/2012 15:27

Ր.Հովհաննիսյան. «Հաջորդ նախագահությունը պետք է լինի ճարպազերծված, մկանուտ»

Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր հայտարարել է առաջիկա նախագահական ընտրություններին առաջադրվելու մասին: Քիչ առաջ Ժառանգության համագումարի ընթացքում, որին հրավիրված 115 պատվիրակներից ներկա էին 106-ը, հայտարարվեց Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին:

Իր ելույթում Ր. Հովհաննիսյանը անդրադարձավ այն բոլոր մարտահրավերներին ու խնդիրներին` Ղարաբաղյան հակամարտություն, Ցեղասպանության միջազգային ճանաչում, աղքատություն, կոռուպցիա, արտագաղթ, որոնք ծառացած են մեր երկրի առաջ:
 

«Մեր երկրում կա ահավոր օտարություն. քաղաքացին օտարվել է սեփական պետությունից, կորցրել է պատկանելությունը: Եվ սա մենք պետք է հաղթահարենք, ու առաջին հերթին իմ յուրաքանչյուր քայլը քաղաքացու քայլ է… Այսօրվանից պետք է պայքարենք, որովհետև տանը նստելով ու աստեղային պահին սպասելով մեր երազած երկիրը չենք կարողանա կառուցել: Փետրվարի 19-ը չի բացվելու, եթե այդ պայքարը չգնա այսօրվանից: ՀՀ հաջորդ նախագահությունը  պետք է լինի ճարպազերծված, մկանոտ, փոքր վարչակարգով, հազար ու մեկ շռայլության, ինքնաթիռի պահպանման ծախսերը կնվազեցվեն: ՀՀ նախագահը կարող է մի քանի տարի էկոնոմ կլասով ճանապարհորդել, մինչև շարքային քաղաքացին արժանավայել կյանքով ապրի: Հարկերը կիջեցվեն շատ կարճ ժամկետում, ավանդները կվերադարձվեն թե իրենց տերերին, թե ժառանգորդներին: Այսպես կնվազեցնենք օտար փողերից մեր կախվածությունը, աշխատավարձը կբարձրացվի, և կաջակցենք ընտանեկան բիզնեսին:

ՀՀ կրթության, գիտության, արվեստի, առողջապահության ոլորտում այնպիսի տնտեսական ծրագիր կառաջարկվի, ինովացիոն տեխնոլոգիաները զարկ կստանան, և Հայաստանը կդառանա բիզնես համալիրների ցանցային կենտրոն տարածաշրջանի համար:

Պետք է ուժեղացնենք մեր բանակը, սակայն այն պետք է ուժեղ լինի իր չափանիշներով և արհեստավարժությամբ, և կողմնապահությունը տեղ չունի հայոց բանակում:

ՌԴ -ի հետ նորարար, փոխադարձ հարգանքի և շահերի վրա հիմնված հարաբերություն հաստատվի: Մինչև ցեղասպանության 100-ամյակը պետք է այդ հարցը լուծում գտնի, եթե ոչ ընդհանուր առումով, ապա մեր մեջ»,-ասաց Ր.Հովհաննիսյանը: 

Նշենք, որ համագումարում երգիչ Կարեն Մամիկոնյանը, մինչ երգելը Րաֆֆի Հովհանիսյանին ներկայացրեց՝ որպես բարորակ քաղցկեղածին բջիջ: Նրա խոսքով, կան չարորակ և բարորակ քաղցկեղածին բջիջներ: Նա երգեց «Հնարավոր է» երգը, որտեղ հավատիացնում է, որ աշխարհում ամեն ինչ հնարավոր է, այդ թվում հնարավոր է նաև Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակը:

 

Ր.Հովհաննիսյան. «Հաջորդ նախագահությունը պետք է լինի ճարպազերծված, մկանուտ»