.jpg)
Նախագահական ընտրությունները կանխորոշված են. ՀՀԿ-ին մրցակից չկա
«Այս տարի ամենահետաքրքականը ՀՀ խորհրդարանական ընտրություններն ու նրա հետ կապված իրադարձություններն էին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով Հայաստանի քաղաքական տարին` ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նա նշեց, որ խորհրդարանական ընտրությունները փոխել են երկրի քաղաքական լանդշաֆտը, և անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բոլոր հիմնական քաղաքական ուժերը ներկայացված են ԱԺ-ում.«Խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում քաղաքականությունը փողոցից տեղափոխվեց խորհրդարան»:
Ըստ նրա, առաջիկայում նախագահական ընտրություններ են և փողոցային ակտիվությունը լինելու է, սակայն քաղաքական հիմնական իրադարձությունները ծավալվել են ԶԼՄ-ների էջերում և խորհրդարանում:
Անդրադառնալով նախագահական ընտրությունններին` Իսկանդարյանը նշեց, որ Գագիկ Ծառուկյանի չառաջադրումը նույնպես փոփոխություն մտցրեց քաղաքական ներկապնակում:
«Ես կարծում եմ, որ նախագահական ընտրությունները կանխորոշված են, հանրապետականներին իրական մրցակիցներ ես չեմ տեսնում և չեմ կարծում, որ մեկ ամսվա ընթացքում կառաջանա իրական մրցակից թեկնածու»,-ասում է քաղաքագետը:
Բանախոսն անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականությանը` նշեց, որ ՀՀ-ի արտաքին քաղաքականությունը շարունակում է ավանդաբար լինել ռեակտիվ, զգուշավոր և կոմպլիմետարիզմի ոգուն համաձայն:
Ըստ նրա, ղարաբաղյան հարցում ոչ մի լուրջ բան տեղի չի ունեցել այս տարվա ընթացքում և մոտակա ժամանակներս տեղի չի ունենա, իսկ այդ հարցում կայունությունը պահպանվելու է: